Այս բաղադրատոմսը մեքսիկական եւ հնդկական կամ գուցե թաիլանդական ոճերի խառնուրդ է: Եվ ինչպես ցանկացած խառնուրդ՝ համեղ է:
Անհրաժեշտ մթերքները
Հավի կրծքամիս- 4 հատ
Համեմունքներ
Բուսայուղ- 3-4 գդալ
Սունկ- 0,5 կգ
Սոխ-1 գլուխ
Սխտոր- 2 պճեղ
Գունավոր (կանաչ, կարմիր, դեղին) պղպեղ- 2 հատ
Կաթնասեր (կամ ավելի արեւելյան ոճ ստանալու համար՝ կոկոսի կաթ)- 200 գրամ
Թարմ կանաչի (համեմ կամ սամիթ)- մի քանի ճյուղ
Նախապես հավի կրծքամիսը կտրատում ենք երկար կտորներով, համեմում ենք աղով, կարմիր պղպեղով, չորացրած հազրեվարդով (ռոզմարին) կամ որեւէ այլ, սուր հոտով կանաչիով, օրինակ՝ ուրց, նանա եւ այլն: Վրան մի քիչ (2 ճաշի գդալ) բուսայուղ ենք անում, ցանկալի է՝ ձիթապտղի յուղ: Թողնում ենք առնվազն մեկ ժամ մնա սենյակային ջերմաստիճանում կամ մի քանի ժամ (մինչեւ մեկ օր)՝ սառնարանում:
Թավան լավ տաքացնում ենք: Ցանկալի է թավան լինի խորը եւ շատ ծանր՝ թուջե: Լցնում ենք մնացած բուսայուղը՝ մոտ 2 գդալ, եւ հավի կտորները: Արագ տապակելուց հետո ավելացնում ենք երկայնակի կտրատած սոխը, սխտորը, պղպեղները եւ սունկը, շարունակում ենք տապակել: Վրան լցնում ենք կաթնասերը կամ կոկոսի կաթը, եւ շարունակում եփել արդեն թույլ կրակի վրա՝ մինչեւ սոուսը մի փոքր պնդանա: Վրան թարմ կանաչի ենք կտրատում եւ մատուցում բրնձի հետ:
Կարդացեք նաև
Կամ՝ լոշիկի մեջ (մեքսիկական ոճով):
Կամ՝ լցնում ենք տարտալետկաների մեջ, վրան մի քիչ դեղին պանիր քերում եւ դնում ջեռոցը 10-15 րոպեով, ապա մատուցում որպես տաք նախուտեստ:
Բանջարեղենով բրնձի համար անհրաժեշտ է
Սոխ- 1 գլուխ
Սխտոր-2-3 պճեղ
Գազար-2 հատ
Գունավոր պղպեղ- 2 հատ
Բրոկոլի – 200 գրամ
Քարավուզ- 1-2 ճյուղ
Բրինձ- 0,5 կգ
Բուսական յուղ- 4 ճաշի գդալ
Համեմունքներ
Կտրատեք բանջարեղենը, թավան տաքացրեք, ավելացրեք բուսայուղը, տապակեք բանջարեղենը՝ սկզբում սոխը, սխտորը, գազարը, բրոկոլիի պոչամասերը եւ քարավուզը, ապա ավելացրեք գունավոր պղպեղը եւ բրոկոլիի գլխիկները: Ավելացրեք համեմունքները՝ քարրի, շաֆրան, կարմիր եւ սեւ պղպեղ եւ այլն, լցրեք բրինձը, մի փոքր էլ տապակեք, ավելացրեք եռացրած ջուր՝ այնքան, որ ամբողջությամբ ծածկի բրինձը: Կափարիչը փակեք եւ կրակը իջեցրեք որքան հնարավոր է շատ: Շատ մարմանդ կրակով եփեք մոտ 10-12 րոպե, բացեք կափարիչը եւ ստուգեք, եթե ջուրը քաշել է, անջատեք, եթե դեռ մի փոքր մնացել է, անջատեք եւ թավան հերմետիկ փաթաթեք սրբիչով: Տասը րոպեից պատրաստ կլինի:
Բարի ախորժակ:
«Առավոտ» օրաթերթ
31.05.2014
Ես սա փորձել եմ և շատ լավ է ստացվել: Եվ ընդհանրապես Ձեր բաղադրատոմսերը շատ պարզ են և համեղ են ստացվում: Շնորհակալություն: Սպասում եմ նորերին:Ճ
Շատ շնորհակալություն՝ արձագանքի համար: Ուրախ եմ, որ փորձում եք եւ գոհ եք մնում: Շատ հաճելի է իմանալը: Ինչպես ասում էին հին ժամանակներում՝ «կաշխատեմ արդարացնել ձեր հույսերը» 🙂