Սյունիքի մարզում հարազատների եւ որդեգրել ցանկացող հաշվառված անձանց կողմից 7 երեխա է որդեգրվել, իսկ առանց ծնողական խնամքի մնացած հաշվառված 9 երեխայի նկատմամբ էլ խնամակալություն է սահմանվել:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանի խոսքով՝ այս տարի տարբեր կառույցների հետ համագործակցության արդյունքում մարզում մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնք միտված են եղել երեխաների իրավունքների պաշտպանությանն ու նրանց կյանքի համար նպաստավոր, ցանկալի պայմանների ապահովմանը:
«Համագործակցելով «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հետ՝ «Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի շրջանակներում գիշերային խնամքի հաստատություններից մոտ 80 երեխա ընտանիք է վերադարձվել:
Հայ Օգնության Ֆոնդի հովանավորչական ծրագրի շրջանակներում ընդգրկված մարզի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ 262 երեխաներին տարին 2 անգամ ֆինանսական օգնություն է տրվում», – նշեց Աննա Ոսկանյանը:
Կարդացեք նաև
Իսկ «Լեռնահայաստան» բարեգործական հիմնադրամի օգնությամբ՝ երեխաների խնամքը կազմակերպելու նպատակով բազմազավակ և սոցիալապես ծանր վիճակում գտնվող մոտ 40 ընտանիքի ֆինանսական եւ նյութական օգնություն է տրվել:
Ըստ բաժնի պետի՝ Սյունիքում գործող երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատությունն ապահովում է սոցիալապես անապահով ընտանիքների եւ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված 86 երեխայի խնամքն ու դաստիարակությունը: Մարզում գործում է նաեւ 3 հատուկ դպրոց՝ Կապանի թիվ 3 հատուկ դպրոցը, որտեղ սովորում է 137 երեխա, Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցը, որտեղ հաճախում է 100 երեխա եւ 36 երեխա ունեցող Սիսիանի թիվ 1 հատուկ դպրոցը:
«Մեծ տեղ տալով երեխայի ընտանիքում ապրելու, խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու իրավունքի գերակայությանը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ քննարկման արդյունքում որոշվել է Գորիսի և Սիսիանի հատուկ դպրոցների վերակազմավորման հարցը: Այն միջոցները և ռեսուրսները, որոնք տրվում էին երեխաներին սննդի ու գիշերակացի համար, կուղղվեն այդ ընտանիքներին: Հաշվի ենք առել նաև այն փաստը, որ այդ դպրոցներում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնք գնահատվել են բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի կողմից»,- տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ