Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորհրդաժողով՝ նվիրված բերքահավաքին

Հունիս 01,2014 16:55

2013թ. աշնանն ու 2014թ. գարնանը Քաշաթաղի շրջանում ընդհանուր կատարվել է 17440հա հացահատիկի ցանքս: Արդեն մի քանի օր է, ինչ շրջանի հարավային թևում սկսվել է աշնանացան գարու հունձը: Մայիսի 25-ից Իշխանաձոր գյուղում շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի ղեկավարությամբ սկսել է գործել շտաբ՝ բերքահավաքը ժամանակին և անկորուստ կազմակերպելու համար: Շտաբում՝ պատին փակցված է հատուկ պլան-ուղեցույց, որտեղ նշված են ցանքատարածքները և պատասխանատուների անունները:

Մայիսի 31-ին Իշխանաձոր գյուղում կայացավ խորհրդաժողով հարավային թևի համայնքների ղեկավարների, գյուղոլորտի պատասխանատուների, շրջանային ոստիկանության և փրկարար ծառայության ղեկավարների մասնակցությամբ: Բացելով խորհրդաժողովը շրջվարչակազմի ղեկավար Սուրեն խաչատրյանը ներկայացրեց օրակարգը: Աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանն իր ելույթում տեղեկացրեց, որ աշնանն ու գարնանը շրջանում ընդհանուր կատարվել է 6150հա ցորենի, 10075հա գարու և 1215հա հաճարի ցանքս: Անդրադարձավ նաև այլ մշակաբույսերի ցանքսին: Տեղեկացրեց նաև, որ 2013-14թթ. «ԱՐԻ» ծրագրով շրջանի 108 հողօգտագործողի ընդհանուր տրամադրվել է 160,5 մլն դրամի վարկ աշնանացան իրականացնելու նպատակով և 81 մլն դրամի վարկ էլ՝ գարնանացանի նպատակով՝ 54 հողօգտագործողի: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հող օգտագործողներին հատկացրել է 60տ ցորենի և 254տ գարու սերմացու, որից 60-ական տոննա հատկացվել է սիրիահայերին: Բացի այս՝ ԳԳԱՀ-ի կողմից եղել է աջակցություն նաև դիզվառելիքի ձեռքբերման հարցում. 1 լիտրը 350 դրամով տրամադրվել է 124200 լիտր վառելիք, ինչպես նաև 1000կգ մկնդեղ, 400լ ձեթ և 240տ ազոտական պարարտանյութ: Նույն հիմնադրամի կողմից ստացվել է նաև 12,6տ կորնգանի սերմացու: Լ. Սիմոնյանը իրազեկեց նաև, որ հարավային թևի գրեթե բոլոր համայնքները տուժել են ցրտահարությունից, կարկտահարությունից, երաշտից, հեղեղներից: Ցրտահարվել է 146,5 պտղատու այգի, կարկտահարվել 1420հա ցանքատարածք: Կարևորեց նաև այն, որ հրդեհներից խուսափելու համար նախատեսված է արտեզրերում իրականացնել մոտ 400հա հակահրդեհային հերկ, իսկ հենակետերում պետք է հերթապահեն մեկական հրշեջ մեքենաներ: Լ. Սիմոնյանը խոսքը եզրափակեց՝ տեղեկացնելով, որ շրջանում կա 17 կոմբայն, որից այժմ գարու արտերում աշխատում են 12-ը: Բերքահավաքն ամբողջությամբ ավարտելու նպատակով ևս 50 կոմբայն բերելու են հարևան Սյունիքի մարզից:

Համայնքների ղեկավարները հարցեր ուղղեցին զեկուցողին՝ դժգոհելով այն բանից, որ այս տարի թանկացել է կոմբայնի վարձավճարը: Այս հարցում բացատրություն տվեց շրջվարչակազմի ղեկավարը՝ ասելով, որ նշված գինը ամբողջ հանրապետությունում նույնն է արտասահմանյան կոմբայնների դեպքում: Նշեց նաև, որ դիզվառելիքն էլ պետք է լինի ռուսական արտադրության, այսինքն՝ որակյալ: Հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումների մասին զեկուցեց Փրկարար ծառայության Քաշաթաղի բաժնի պետ, մայոր Քերոբ Մովսեսյանը: Անդրադարձավ անցած տարվա՝ իրենց կողմից իրականացված միջոցառումներին, կատարված պատահարներին: Տեղեկացրեց, որ տարածքում 1-ին փուլում գործելու է 3 հրշեջ-հենակետ՝ Կովսականի բարձրավանդակում, Իշխանաձոր-Թովմասար խաչմերուկում, Որոտանի խաչմերուկում: Այժմ փրկարար ծառայության կողմից պատրաստվել են հեռախոսահամարներ, ստուգվում են բերքահավաքն իրականացնող կոմբայնների և մնացած մեքենաների տեխնիկական վիճակը և այլն: Իրենց աշխատանքները պլանավորել են ըստ փուլերի: Սկզբնականում հերթապահությունն իրականացվելու է 6 հերթափոխով՝ 3 մարտական հաշվարկով: 2-րդ փուլում հենակետ կտեղադրվի նաև Ծաղկաբերդում, իսկ 3-րդ փուլում՝ Լեռնահովիտում: Ք. Մովսեսյանը համայնքների ղեկավարներին հորդորեց՝ բացատրական աշխատանքներ տանեն բնակչության և վարձակալների հետ, որպեսզի պահպանեն հակահրդեհային կանոնները: Շրջվարչակազմի ղեկավարը հանձնարարական տվեց, որ Փրկարար ծառայությունը համագործակցի տարածքում գործող սահմանապահ ուղեկալի հետ: Իսկ գյուղվարչության պետին հանձնարարեց նաև, որ բարեկարգեն դաշտամիջյան ճանապարհները: Անասնակերի պահեստավորման հարցի շուրջ զեկուցեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը: Ասաց, որ այժմ խոտհունձ 10 հնձիչով կատարվում է Կովսականի, Աղաձորի տարածքներում: Այս տարի համեմատաբար սակավ է անասնակերը: Այնուամենայնիվ՝ ըստ զեկուցողի՝ լավ բերք կստացվի Հայկազյանի տարածքում, որտեղ շուտով կսկսվեն հնձի աշխատանքները: Ա. Ալեքսանյանը տեղեկացրեց նաև, որ «Վամաքս» ընկերությունը պատրաստ է մեծաքանակ անասնակեր գնել: Ս. Խաչատրյանը համայնքների ղեկավարներին հորդորեց՝ օգտագործել բոլոր հնարավորությունները՝ անասնակեր կուտակելու գործում՝ նշելով, որ այս հարցում կա նաև ԼՂՀ վարչապետի հանձնարարականը՝ կուտակվի մինչև 100000 հակ խոտ: Օրակարգի վերջին հարցին, որը վերաբերում է շրջանին հատկացված վարկերին, անդրադարձավ վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Տեղեկացրեց, որ այժմ շրջանը պետությանը ժամկետանց վարկերի դիմաց պարտք է 315 միլիոն դրամ: Իսկ ընդհանուր առումով՝ 1 միլիարդ 380 միլիոնի չափով: Բացատրեց վարկերի մարման կարևորությունը՝ նշելով, որ պարտք ունեցողներին այլևս վարկ չի տրվելու: Ս. Խաչատրյանն էլ ասաց, որ ստիպված են լինելու ժամկետանց վարկերի հետբերման համար դիմել դատարան: Համայնքների ղեկավարներին հանձնարարեց նաև՝ վնասված ցանքատարածքների մակերեսի և վնասի մասին հայտնել հնձից առաջ: Այս հարցում եղավ հանձնարարական նաև համապատասխան հանձնաժողովներին՝ ճշտել վնասի չափը և զեկուցել:

Անդրադարձավ նաև բերքի մթերման գներին: Կարևորեց նաև այն, որ այս աշնանը պետք է մինչև հոկտեմբերի կեսը կատարվեն աշնանացանի աշխատանքները, ուստի համայնքների ղեկավարներին տվեց 10-15 օր ժամանակ, որ ներկայացնեն աշնանացանի հայտերը: Ա. Մխիթարյանը նույնպես անդրադարձավ բերքահավաքին՝ համայնքների ղեկավարներին հանձնարարելով այդ օրերին մշտապես կապի մեջ լինել և հայտնել բերքի տվյալներն ամեն օր: Վարկերի մարման և տրամադրման հարցերին անդրադարձավ նաև գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի Քաշաթաղի փորձագետ Մհեր Եսայանը: Խորհրդաժողովին ներկա էր նաև սահմանապահ ջոկատի հրամանատարը:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30