Լրահոս
Օրվա լրահոսը

«Tedxkids@Yerevan»-ի շրջանակներում երեխաները խոսեցին իրենց հուզող խնդիրների մասին

Հունիս 01,2014 16:44

Երեխաներն իրենց ելույթներում անդրադարձան սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը, մանկատան երեխաների հասարակություն ինտեգրմանը, դպրոցներում դեռահասների ճնշմանն եւ այլ խնդիրներին

Մեդիաոլորտի ապագան տեսախաղերն են այս. համոզմունքն ունի «Այբ» դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ստեփան Բաբայանը, որը մասնակցում էր այսօր՝ հունիսի 1-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցող «Tedxkids@Yerevan» միջոցառմանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառմանը մասնակցում է, քանի որ կիսվելու կարիք ունի եւ ցանկանում է մարդկանց պատմել իր գաղափարների եւ մտահոգությունների մասին.

«Մարդիկ չեն ուզում գիտակցել, որ տեսախաղ ասվածը մեծ պոտենցիալ ունի եւ փնտրում են այդ պոտենցիալի վատ դրսեւորումները: Պատահարներ, եթե լինում են, հեռուստացույցով, շատ եմ լսում՝ մեղադրում են տեսախաղերին, բայց համաձայն չեմ դրա հետ ու ուզում եմ իմ սեփական կարծիքը հասանելի դարձնել»:

Իսկ «Արեգնազան» կրթահամալիրի աշակերտ Ամասիա Նիզիբլյանի ելույթը նվիրված էր պատմության մեջ կանանց դերակատարությանը: Նա ցանկանում է իր ելույթով կոտրել կարծրատիպերն այն աղջիկների համար, ովքեր կարծում են, որ իրենց դերն աշխարհում ամուսնանալով եւ մայրանալով է սահմանափակվում: Ամասիա Նիզիբլյանը իր կատարած հետազոտությունների սկզբում ուսումնասիրել է հայ կին գրողներին՝ ճանաչելով Զաբել Եսայանին, Շուշանիկ Կուրղինյանին, Սրբուհի Տյուսաբին, հետո՝ հայ կին ավիոմոդելավորողներին, դեսպաններին եւ այլ կանանց, ովքեր պատմության մեջ իրենց հետքն են թողել.

«Ինձ շատ էր հետաքրքրում պատմությունը, թե տարբեր երեւույթներ ինչպես են ստեղծվել, ուսումնասիրելով այդ երեւույթները հասկացա, որ հիմնականում տղամարդկանց են նշում գրքերում, եւ ինքս ինձ հարց տվեցի, թե կանայք ինչ-որ դեր ունեցե՞լ են, թե՞ոչ, եւ այդպես սկսեցի ուսումնասիրել պատմության մեջ դերակատարություն ունեցող կանանց եւ պարզվեց, որ կանայքն էլ իրենց դերն ունեն պատմության մեջ»:

«Tedx»-ը ինքնակազմակերպվող տեղական միջոցառումների ծրագիր է, որը միավորում է մարդկանց քննարկելու իրենց խնդիրները: Հայաստանում «Tedxkids@Yerevan»-ը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ, այս տարի միջոցառմանը մասնակցում են ավելի քան 300 երեխա թե՛ Երեւանից, թե՛ Հանրապետության մարզերից եւ թե՛ Վրաստանից:

Միջոցառման կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանը նշեց, որ միջոցառման ընթացքում հիմնական ելույթով հանդես են գալու թե՛ Երեւանից եւ թե՛ Հայաստանի մարզերից 22 մասնակից, կա նաեւ մասնակից Վրաստանից: Նրա խոսքերով՝ այս տարվա միջոցառումը տարբերվում է նախորդներից նրանով, որ կազմակերպիչները Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներն են: Անդրադառնալով երեխաների ելույթներին՝ Քրիստինե Սարգսյանը նշեց, որ նույնիսկ կան ելույթներն սեռով պայմանավորված հղիության ընդհատման, մանկատան երեխաների հասարակություն ինտեգրման, դպրոցներում դեռահասների ճնշման խնդիրների մասին.

«Միջոցառման ամենամեծ դասը այն է, որ մենք պետք է լսենք մեր երեխաներին: Հարցազրույցների ընթացքում, երբ հարցնում էի ինչո՞ւ են ուզում խոսել, ասում էին դա միակ հարթակն է, որտեղ մենք լսելի ենք: Մեզ այս երկրում բանի տեղ չեն դնում, որպես պասիվ կանգնեցնում են, օգնում են, բայց երբեք չեն ուզում մեր կարծիքը լսել եւ մենք լսելի չենք: Սա միակ հարթակն է, որտեղ կարող ենք գալ, ասել եւ միջազգային մակարդակով լսելի դառնանք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30