Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շրջելով Երևանում՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա տոնական միջոցառումների վայրերով, այցելել է նաև Ազատության հրապարակ, որտեղ միջոցառումների ծրագրով տոնական ներկայացում էր ու կավճանկարչություն։
Հրապարակում կավճանկարչության համար Երևանի քաղաքապետարանը անսահմանափակ քանակության գունավոր կավիճներ է տրամադրել երեխաներին։ Հաշված րոպեների ընթացքում Ազատության հրապարակը ներկված էր բազմաթիվ մեծ ու փոքր եռագույներով, ժպտացող արևներով, տնակներով, ծաղիկներով, ընտանիք պատկերող նկարներով։ Նկարում էին նաև մեծահասակները, ում մանկության օրերին հունիսի մեկը տոնական չի եղել։
Խաղավարները, ծաղրածուները, մուլտհերոսները երեխաներին զվարճացնում էին ներկայացումներով ու դրանց մասնակիցը դարձնում։
Ազատության հրապարակում հունիսի 1-ի մանկական զվարճալի ներկայացում-համերգները շարունակվելու են մինչ 20։00-ն։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն