Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշանավորվեց նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու նոր տարեշրջանի մեկնարկով։ Օրվա կապակցությամբ հետաքրքիր անակնկալ է մատուցվել քաղաքապետարանի ենթակայության տարբեր դպրոցների գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտներին։ Նրանք հնարավորություն են ունեցել անվճար օգտվելու երթուղուց և զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով շրջել Երևանով։ Երեխաներին ուղեկցել և բարձր տրամադրություն են ապահովել սիրված մուլտհերոսները։ Էքսկուրսիայից հետո աշակերտները միացել են Ազատության հրապարակում անցկացվող միջոցառմանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ տարեշրջանի ընթացքում նման հետաքրքիր ակցիաներ պարբերաբար կկազմակերպվեն։
««Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղին իր տեսակով միակն է տարածաշրջանում։ Այսօր այն կարևոր և ուրույն տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքում։ Իր երկամյա պատմությամբ երթուղին հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում։ Ակնկալվում է, որ արդեն այս տարի երթուղուց օգտվողների թիվը ավելանալու է։ Սակայն այդ մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում»- նշել է Մարիա Բարաղամյանը նաև հավելելով, որ երթուղին գործելու է ամեն օր, բացի երկուշաբթիից, երեք տարբեր ժամերի՝ 11։00-ին, 15։00-ին և 18։00-ին։
Ինչպես նախորդ տարիներին, երթուղու մեկնարկը Ֆրանսիայի հրապարակից է։ «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն