Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիայում թուրքերը, ըստ էության, փոքրամասնություն են կազմում». Հայկազուն Ալվրցյան

Հունիս 01,2014 12:55

ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի կողմից գործընկեր կազմակերպության հայտարարած «Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում» անվանակարգով դրամաշնորհի շրջանակում, «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն երեկ՝ մայիսի 31-ին, Արևմտահայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնում սեմինար էր կազմակերպել՝ «Թուրքիայի ալևիները և ալևիացած հայերը» թեմայով:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը ներկայացրեց ալևիացած հայերի խնդիրները, իսկ թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարդան Հարությունյանը հանդես եկավ «Թուրքիայի ալևիները. պատմության և քաղաքականության հարցեր» թեմայով զեկուցմամբ: Ի դեպ, վերջերս հրատարակվել է նաև Վ. Հարությունյանի համանուն գիրքը, ինչը շատ կարևոր ձեռքբերում է համարում պարոն Ալվրցյանը, որովհետև, նրա խոսքով, այս գիրքը մասնագետներին ևս մեկ հնարավորություն է տալիս ուսումնասիրելու մեր պատմության այդ հատվածը և ավելի շատ աշխատել այն խորությամբ ճանաչելու ուղղությամբ. «Ի վերջո, ալևիացած հայերը հայոց պատմության մի հատվածն են: Եվ անկախ նրանից՝ նրանք ալևիացե՞լ են, անհետացե՞լ, թե՞ նրանց մի մասն այսօր իր ինքնությունն ունի, սա պատմական փաստ է և չի կարող հայոց պատմության մաս չկազմել»,- Aravot.am-ի հետ զրույցում ընդգծեց Հ. Ալվրցյանը:

Պարոն Ալվրցյանի համոզմամբ՝ մանավանդ այսօր շատ կարևոր ու արդիական է ալևիների հարցը, որովհետև ալևի հայերի մի մասը ոչ միայն հայտարարել է իր հայ լինելու մասին, այլև, մեր զրուցակցի խոսքով, գործնականում նաև կապեր է հաստատում. «Գնում-գալիս են Հայաստան, մկրտվում են թե´ Հայաստանի, թե´ Պոլսի եկեղեցիներում, հաճախ հայտարարում են իրենց հայ լինելու մասին հենց ալևի կրոնի մեջ՝ դեռևս չմկրտված: Այս տեսակետից սա շատ կարևոր ու հետաքրքիր երևույթ է, և հայագիտության առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկն է, որը պիտի ուսումնասիրվի»,- կարծում է Հ. Ալվրցյանը:

Aravot.am-ի հարցին, թե որքանով է այսօր հրատապ Թուրքիայի ալևիների խնդիրների լուսաբանումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թուրքիայի ալևիների խնդիրները մեզ համար այսօր շատ կարևոր են, որովհետև տեսնում ենք, որ ալևի հայերի մեջ խմորումներ կան. ինչպես Թուրքիայում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունները, այնպես էլ ալևիները, սկսել են հայտարարել իրենց ազգային ինքնության մասին: Երեք տարի առաջ ստեղծված Դերսիմի հայերի միությունը հայտարարեց իր հայ լինելու մասին, և այսօր այդ միությունն ու դերսիմցի բազմաթիվ հայեր փորձ են անում վերականգնելու իրենց մշակույթը, ամրապնդելու իրենց մշակութային հենքը և գալու դեպի ազգային ինքնություն: Թուրքիայում շատ-շատերը՝ քրդերը, չերքեզները, զազաները և այլն, այսօր մեծ քայլեր են կատարում այդ ուղղությամբ, և հայերը նույնպես: Եթե առաջ նրանք վախենալով թաքցրել են իրենց ինքնությունը, ապա այսօր խոսում են այդ մասին»:

Մեր հարցին, թե արդյոք ինչի՞ հետ է կապված այդ համարձակության ձեռքբերումը, պարոն Ալվրցյանը պատասխանեց. «Վերջին քսան տարիների ընթացքում Թուրքիայում մեծ գործընթացներ են կատարվում: Հատկապես եթե քրդական շարժման համատեքստում դա նայենք, երեսուն տարուց ավելի է, որ քրդերը խարխլում են թուրքական պետության՝ մոնոէթնիկ ազգ լինելու գիտակցությունը (Թուրքիայում ապրողները բոլորը թուրք են): Վերջին 30-40 տարիներին շատ բան բացահայտվեց. հարցումներ, քննարկումներ, պայքար, նաև՝ զինված պայքար, և պարզվեց, որ դա այդպես չէ, և Թուրքիայի բնակչության միայն 45-46%-ն է իրեն թուրք համարում, այն էլ՝ համարում, դեռ հարց է՝ թո՞ւրք է, թե՞ ոչ: Միջազգային շատ կարևոր, հեղինակություն ունեցող ամերիկյան, եվրոպական կազմակերպությունների, ինչպես նաև թուրքական իշխանությունների հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ Թուրքիայում թուրքերը, ըստ էության, փոքրամասնություն են կազմում, ավելի քիչ են, քան այնտեղ բնակվող մյուս փոքրամասնությունները միասին վերցրած: Եվ այդպիսով՝ բոլորն սկսեցին որոնել իրենց ինքնությունը, խոսք գնաց արդեն ալևիների պետություն՝ Ալևիստան, զազաների պետություն՝ Զազաիստան ստեղծելու մասին, նաև հայերն սկսեցին աստիճանաբար իրենց ձայնը բարձրացնել, խոսել իրենց ինքնության մասին, մկրտվել: Այս շարժումը հատկապես վերջին տասը տարում շատ մեծ թափ է առել, և Հրանտ Դինքը մեծապես նպաստեց դրան՝ իր «Ակոս»-ում պարբերաբար հրապարակելով բազմաթիվ նյութեր իսլամացած հայերի, բռնի իսլամացած հայերի մասին, ինչպես նաև քրդությունից դեպի հայություն գալու նրանց շարժումների մասին»:

Վերջում մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ այս տարվա աշնանն արդեն լույս կտեսնի Թուրքիայի Հանրապետությունում կրոնափոխ հայերի խնդիրները ներկայացնող իր նոր գիրքը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30