Շաբաթ օրը արդեն կեսօրին, Երևան Ջուր ՓԲԸ Արևմուտք շահագործման տնօրինության Արաբկիր տեղամասի աշխատակիցները հասցել էին Հ.Քոչարի փողոցի վրա երկու տեղից «անդամահատել» 150մմ տրամագծով թուջե ջրագիծը: Ավելին, թիվ 51 դպրոցի հարևանությամբ առաջացած բացվածքից Վիտազ ՍՊԸ-ի մասնագետները սկսել էին թուջե խողովակի մեջ 100մմ տրամագծով նոր, պլաստմասե խողովակ «ներարկել», սակայն 60 մետր անց գործը կանգ էր առել. ինչ-որ բան հնի մեջ արգելակում էր նորի «երթը»: Տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանը ստիպված էր նորից գործի դնել էքսկավատորը, որը մայթի վրա, խցանման հավանական վայրում հնարավորինս զգույշ քանդում էր ասֆալտե ծածկույթը՝ դրա պատճառը պարզելու համար:
– Նման խոչընդոտներ հաճախ են հանդիպում մեր աշխատանքում, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում ու բացասաբար անդրադառնում ժամկետի վրա – ասում է տեղամասի պետը: – Իսկ տվյալ պարագայում դա ընդհանրապես զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այս ջրագիծը կառուցվել մի քանի տասնամյակ առաջ ու ներկայումս գտնվում է տեխնիկապես անբավարար վիճակում: Ըստ էության, հենց սրանով էլ պայմանավորված է այսօրվա աշխատանքը:
Իսկ խնդիրը հետևյալն է: Ստուգմամբ պարզվել է, որ փողոցի տվյալ՝ մոտ 150 մետր երկարությամբ տարածքում առկա 4-5 շենքերին մատակարարվող ջրի մի մասը՝ վայրկյանում 15 լիտր քանակությամբ, այդպես էլ տեղ չի հասնում: Սպառողները հասանելիք ջուրը ստանում են, նրանք բողոք չունեն: Իրավիճակը չի բավարարում ընկերությանը, որի գործունեության առանցքային ուղղություններից մեկը համակարգում ջրակորստի շարունակաբար նվազեցումն է:
Ըստ Գաբրիել Մելիքսեթյանի՝ պլաստմասե ջրագծերի կառուցումը՝ մաշված, բայց պահանջվող տրամագիծ ունեցող մետաղական խողովակների մեջ դրանց «ներարկման» միջոցով, տարեցտարի ավելի ու ավելի լայն կիրառում է ստանում համակարգում: Կարիք չի լինում փողոցում հողային աշխատանքներ կատարել, ինչը նշանակում է և՛ ժամանակի խնայողություն, և՛ միջոցների տնտեսում: Նաև չի խոչընդոտվում երթևեկը: Դրանից բացի, պլաստմասը մետաղից ավելի երկարակյաց է ու չի ենթարկվում կոռոզիայի, ինչը, ըստ էության, բացառում է ջրի կորուստը: Իսկ դա, որպես արդյունք, հնարավորություն է տալիս բարելավել ջրամատակարարումը:
Հ.Քոչարի փողոցն այս առումով բացառություն չէ: Օրինակ, տարվող աշխատանքների ավարտից հետո թիվ 51 դպրոցին հարակից մի շարք բազմաբնակարան շենքեր, որոնց ջրամատակարարումն այսօր իրականացվում է պոմպի միջոցով՝ ժամային գրաֆիկով, կանցնեն շուրջօրյա հուսալի ջրամատակարարման՝ ինքնահոս եղանակով:
Ինչ վերաբերում է աշխատանքների ընթացքին, ապա արվում է հնարավորինս, չնայած առաջացած խոչընդոտին, սպառողների ջրամատակարարումը տարածքում վերսկսել հայտարարված ժամկետին:
Երևան Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն