Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 90 հասցեում, նախապես հաստատված նախագծով և վարչական շրջանի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո, ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշ լրատվամիջոցներ և «սրտացավ» ներկայացող մի քանի անհատներ ստահոդ լուրեր են տարածում սոցիալական կայքերում՝ հաստատուն պնդելով, որ վերոնշյալ տարածքում իրականացվել է ծառահատում:
Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ տարածքում ոչ միայն ծառ, այլ անգամ ծառի ճյուղ չի հատվել ու չի հատվելու: Ինչ վերաբերում է որոշ անձանց կողմից շրջանառության մեջ դրված այն շահարկումներին, թե տարածքը կարող է օգտագործվել այլ նպատակներով, ևս գնահատում ենք բացահայտ ապատեղեկատվություն, հատկապես հաշվի առնելով, որ դեռևս նախորդ տարվանից Սունդուկյան 90 հասցեի բազմաբնակարան շենքի պատին փակցված է եղել տարածքի բարեկարգման նախագծի էսքիզային տարբերակը և շենքի բնակիչները նախապես տեղեկացված են եղել տարածքում պուրակի ստեղծման նախատեսվող աշխատանքների մասին: Ավելորդ չենք համարում նաև նշել, որ տվյալ տարածքում բարեկարգ պուրակ ունենալու առաջարկը եղել է հենց բնակիչների կողմից, ինչը և հիմք է հանդիսացել այն ներառելու Երևան քաղաքի զարգացման ծրագրերում:
Վերոնշյալը հաշվի առնելով, հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և ստահոդ պնդումները որպես անհերքելի ճշմարտություն ներկայացնելու գայթակղությունից:
Բոլոր նրանց, ում իսկապես հետաքրքրում է տարածքի բարեկարգման ծրագիրն ու դրա ընթացքը, առաջարկում ենք հենց տեղում ծանոթանալ ու հետևել իրականացվող աշխատանքներին:
Երևանի քաղաքապետարան