Ինչպես տեղեկացրել ենք, 3 օր առաջ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 3-րդ երեխան ծննդաբերելիս մահացել էր 1975 թվականին ծնված Կարինե Պապանյանը: Մահը վրա էր հասել սկեսրոջ ներկայությամբ: Այս դժբախտ դեպքին ականատես դարձած սկեսրոջ ու հիվանդանոցի տնօրենի, ինչպես նաև բժիշկների պարզաբանումները խիստ հակասական են:
Բժիշկների պնդմամբ, կարելի է Նոբելյան մրցանակի արժանացնել այն բժշկին, ով կկարողանա հիվանդին փրկել պտղաջրային էմբոլիայից. բժշկության պատմության մեջ դեռևս չի գրանցվել այդպիսի դեպք: Մինչդեռ սկեսրոջ ասելով, հարսը մահացել է բժիշկների անտարբերության պատճառով: Այժմ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, որը և վերջնականապես կպարզի, թե ինչից է մահացել 38-ամյա կինը: Նշենք, որ նրա դիակը դիահերձարան տեղափոխվել է երկու անգամ:
Այսօր Կարինե Պապանյանի հուղարկավորությունն էր, սկեսուրը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ իրենք հիվանդանոցում են եղել առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 10-ը, սակայն բժիշկը իրենց չի մոտեցել, Կարինեի վիճակը մշտապես չի վերահսկել:
«Կարինեն ստուգումներն անցել էր, ամեն ինչ նորմալ էր իր մոտ, հիվանդանոցում էլ շատ լավ էր զգում իրեն: Ես խնդրեցի կեսարյան հատումով ազատել հարսիս, սակայն մերժեցին` ասելով, որ ցավեր ունի, կեսարյան հատում չենք անի, իր ուժերով կազատվի: Բժիշկը թողեց նրան բուժքրոջ հույսին, գնաց: Ինքն արյունահոսեց, ես ինքս եմ սրբել: Երբ որ վատացավ, 3 ժամ բժշկին էին կանչում, մենակ բուժքույրն է եղել կողքը: Բժիշկը գալիս նայում, գնում էր, տեղում չէր: Ես խնդրում եմ, որ նման բժիշկներ չաշխատեն, մենք մերին կորցրեցինք, թող մյուսները չկորցնեն: Ոչ մի օգնություն ցույց չտվեցին, մեռցրեցին, ձեռքներս տվեցին, մահացնելուց հետո նոր միայն սաղ բժիշկները եկան: Ես մի պահ տեսա, որ երեխան էդ ընթացքում առաջ եկավ ու հետ գնաց, քույրը մոտեցավ, նայեց ու ասաց, թե պատռվածք կունենաս, հանգիստ ցավ քաշի»,-պատմում էր նա:
Կարդացեք նաև
Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի ասելով էլ, իրենց մոտ խիստ վերահսկողություն է սահմանված. ծննդաբերական բաժանմունքը թե տեխնիկապես է հագեցած, և թե բուժանձնակազմի վերաբերմունքն է բարեհամբյուր: «Կատարվածը դժբախտություն է, ընդհանրապես բժշկական աշխարհում և մասնավորապես մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում ամենաանցանկալի և ամենավատ դեպքը, որ կարող էր լինել, մայրական մահացությունն է: Բոլոր կլինիկական նշաններով և մեր բժիշկ-մասնագետների ախտորոշումներով պտղաջրային էմբոլիայից է մահացել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ առանց բժշկական միջամտության, ընդամենը նախածննդական փուլում, ծննդաբերական ցավերի փուլում էդպիսի արագ մահ միայն դա կարող է դառնալ: Մնացածը կասի դատաբժշկական հետաքննությունը, ինչպես նաև նախարարի կողմից կազմված հանձնաժողովը, որը զբաղվում է այս դեպքով»,- ասաց տնօրենը:
Սկեսրոջ պնդումներին ի պատասխան, թե իր հարսը մահացել է բժիշկների անտարբերությունից, հիվանդանոցի տնօրենը, ցավակցելով նրան, ասաց, որ դեպքի ժամանակ սկեսուրը կես բառ անգամ իրեն չի բողոքել բուժանձնակազմի անտարբերության մասին: Բոլորը տեղում են եղել, Կարինեն մանկաբարձուհիների հսկողության տակ է գտնվել, հերթապահ բժիշկը մշտապես եղել է բաժանմունքում, և մի քանի քայլ հեռանալը` մյուս հիվանդին նայելու նպատակով, դեռևս չի նշանակում, որ բժիշկը բաժանմունքում չի եղել:
Մենք զրուցեցինք նաև հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի պատասխանատու Մխիթար Մխիթարյանի հետ, որը նախ ցույց տվեց, թե որտեղ է պառկած եղել հիվանդը և ինչ կարգի արագ օգնություն են ցուցաբերել:
Մխիթար Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ ծննդկանները շատ խիստ հսկողության տակ են գտնվում, և սկեսրոջ այն հայտարարությունը, թե իր հարսի մոտ բժիշկ չի եղել, չի համապատասխանում իրականությանը:
Բժիշկը, պատասխանելով սկեսրոջ այն պնդմանը, թե պտղի գլուխը դուրս է եկել ու նորից հետ գնացել, ասաց` բժշկության մեջ հնարավոր չէ, որ նման դեպք տեղի ունենա: «30 տարի գինեկոլոգ եմ աշխատում, շփվել եմ տարբեր դեպքերի հետ, տարբեր գրականություն եմ կարդացել, ծանոթացել եմ ընդանրապես միջազգային փորձին, պտղաջրային էմբոլիայով բոլորը մահանում են, պարզապես ժամանակն է կարևոր, թե ինչքան պտղաջրերի քանակը շատ, էնքան մահը արագ է հասնում»,- պարզաբանեց Մխիթար Մխիթարյանը:
Շիրակի մարզի դատախազի ու գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի պարզաբանումները` քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելի ժողովուրդ
Ամենա խայտառակ հիվանդանոցներից մեկն է: Մի փոքր սենյակում 6-7 հիվանդ են ընդունում, օդ չկա շնչելու, սառնարան չունեն, սան հանգույգը ընդհանուր, քույրերը կաշառակեր, բժիշկները նույնպես, ասում են մի երեխայի համար 20000 պտի վճարես, քույրերին 1000-ական: ԴԱ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՉԷ: