Մայիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և Երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի 1-ին` հիմնադիր նիստը, որը նախագահել է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Նիստը նվիրված էր մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու ընթացակարգի մի շարք դրույթների կիրառման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթային ձևանմուշների քննարկմանն ու հաստատմանը:
Անդրադառնալով մեր նորօրյա պատմության էջերին և դրանցում մարտական գործողությունների մասնակիցների դերին ու նշանակությանը, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը նիստի ընթացքում վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքով վերջնականապես կլրացվի այն բացը, որն առկա է մինչ այժմ և համապատասխան կարգավիճակ կտրվի մարտական գործողությունների բոլոր մասնակիցներին ու երկրապահ կամավորականներին: