Հովհաննես Իգիթյանը ցավալի է համարում, որ Հայաստանն իր հայտարարությունն արեց մինչեւ Նազարբաեւի հայտարարությունը
«Լեռնային Ղարաբաղի հարցը սկզբից այս կամ այն ձեւով դրված էր, սեպտեմբերի 3-ին իշխանության տարբեր ներկայացուցիչները շշուկով ասում էին, որ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու հարցն ընդունեց, որովհետեւ կան Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցեր»,- այսօր՝ մայիսի 31-ին, «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Իսկ երբ որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարեց, թե Եվրասիական տնտեսական գոտու սահմանները կլինեն Հայաստանի Հանրապետության ընդունված սահմանների շրջանակում, պարոն Իգիթյանի կարծիքով, արդեն այդ ժամանակ Հայաստանը պետք է որեւէ բանաձեւ ունենար.
«Հայաստանը պետք է հստակ ունենա իր բանաձեւը, թե մենք ի՞նչ ենք տեսնում, ի՞նչ ենք ուզում մենք այդ կոնֆլիկտից, ո՞րն է Հայաստանի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար: Այս բանաձեւն առաջին հերթին պետք է ունենար Արտաքին գործերի նախարարը, որը Սերժ Սարգսյանի կողքն էր նստած, եւ որն այդ պահին կարող էր օգնել Սերժ Սարգսյանին, որ արտաքինից թվում էր, որ խուճապի մեջ էր եւ չէր սպասում այդպիսի հարց: Ցավալին Հայաստանի համար այն է, որ Հայաստանն իր հայտարարությունն արեց մինչեւ Նազարբաեւի այս հայտարարությունը»:
Կարդացեք նաև
Հովհաննես Իգիթյանը համարում է, որ Եվրասիական տնտեսական միությունը այն տեղը չէր, որտեղ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է բարձրացվեր, հատկապես՝ տնտեսական տեսակետից: Նա կարծում է, որ Սերժ Սարգսյանը, ի պատասխան Նազարբաեւի, պետք է ասեր, որ այդ նիստի ընթացքում չեն քննարկվում որեւէ նախագահի, հատկապես՝ միությանը անդամ չհանդիսացող երկրի նախագահի նամակները, այլ քննարկում են տեխնիկական հարցեր, թե ինչպես պետք է հիմնադրվի նորակառույց կազմակերպությունը եւ ինչպես Հայաստանն ու Ղրղըզստանը պետք է անդամակցեն.
«Անընդունելի է, որ այսպիսի ստորացուցիչ իրավիճակի մեջ են դնում Հայաստանին, եւ անընդունելի է, որ Սերժ Սարգսյանը թեկուզ որեւէ ձեւով չի պատասխանում, չի արձագանքում, օրինակ՝ այս հարցը այսօր քննարկվելիք հարց չէ, ձեզ կպատասխանենք երկու օր հետո, եթե պատրաստ չէր, բայց իր անհամաձայնությունը դիվանագիտական ձեւով պետք է հայտներ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ