Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնը նշում է հիմնադրման 25-ամյակը

Մայիս 31,2014 16:28

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ-ն հունիսի 1-4-ը Երևանում կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:

Վաղը՝ հունիսի 1-ին, Երևանի Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացումը: Պատանի երաժիշտները հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Պարոն Արզումանյանը, որն արդեն 4-րդ տարին է աշխատում երեխաների հետ այս փառատոնի շրջանակներում, ասում է, որ թեև իրեն շատ է ուրախացնում երեխաների հետ աշխատանքը, բայց և միևնույն ժամանակ, դա շատ դժվար և պատասխանատու աշխատանք է. «Նախ՝ նրանց մեծ մասն առաջին անգամ է ելույթ ունենում նվագախմբի (թե´ կամերային, թե´ սիմֆոնիկ) հետ: Բացի այդ, պիտի կարողանաս բոլորի հետ լեզու գտնել, որովհետև երեխաները շատ տարբեր են՝ մեկը վստահ է, մյուսը՝ մի քիչ վախվորած: Երեխաներ կան, որոնք նստում են դաշնամուրի մոտ, և նրանց ոտքերը կախվում են, այնքան փոքր են»,- ասում է դիրիժորը:
Նշենք, որ այս տարի փառատոնը նվիրվում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի հիմնադրման 25-ամյակին: Եվ այդ առիթով, փառատոնի շրջանակներում հանդես կգան նաև ծրագրի անցյալ տարիների մասնակիցներ, որոնք այսօր ճանաչված են միջազգային ասպարեզում:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը գեղեցիկ նախաձեռնություն է համարում արդեն հայտնի երաժիշտ-կատարողների և այս ասպարեզում դեռ նոր-նոր քայլեր անող պատանիների՝ նույն բեմում լինելը:
Նրա խոսքով՝ Մշակույթի նախարարությունը շատ է կարևորում պատանիներին ու երիտասարդներին նվիրված փառատոնները և ամեն ինչ կանի, որպեսզի դրանք շարունակական լինեն. «Մեզ հաճախ են ասում, որ նմանատիպ փառատոնները շատ են, բայց յուրաքանչյուր փառատոն իր կարևոր տրամաբանությունն ունի, և մենք գտնում ենք, որ ցանկացած այսպիսի նախաձեռնություն միայն օգտակար է,- համոզված է Ա. Պողոսյանը:- Գաղտնիք չէ, որ մենք պրոֆեսիոնալ երաժիշտների պակաս ունենք, և եթե այսօր չաշխատենք այս երեխաների հնարավորությունները զարգացնելու ուղղությամբ, վաղն այդ պակասն ավելի կզգանք»:

Ա. Պողոսյանը գտնում է, որ այսպիսի փառատոնները ամենաքիչը երկու առավելություն ունեն. նախ՝ երիտասարդներին ինքնադրսևորման հնարավորություն են տալիս, ապա՝ նրանց շնորհիվ ապագայում կհամալրվի մեր լավ երաժիշտների թիվը:

Նշենք նաև, որ պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական այս հավաքին կմասնակցեն Ռուսաստանի, Դանիայի, Կանադայի, Կուբայի, Լատվիայի, Վիետնամի, Վրաստանի, Չեխիայի, Մալթայի և Հայաստանի մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ պատանի երաժիշտ-կատարողներ, որոնք միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների բազմակի դափնեկիրներ են:

«Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ Ս. Մեքինյանը շատ է կարևորում Հայաստանի և այլ երկրների բարեկամությունը, որը, նրա խոսքով, շատ հաճախ ձևավորվում է հենց մշակույթի միջոցով. «Մեր ազգի համար շատ կարևոր է «բարեկամություն» հասկացությունը, և մենք փորձում ենք դա սերմանել մեր մատաղ սերնդի մեջ,- ասում է տիկին Մեքինյանը:- Գեղեցիկ մշակույթ ունեցող պետությունն ավելի ներկայանալի է աշխարհին, հաճախ նրան իր մշակույթով են ճանաչում, և այս առումով մեր բախտը բերել է»:

Փառատոնի դիրիժոր Հ. Արզումանյանը «Նոր անուններ» միջազգային փառատոնը հատկապես կարևորում է այն առումով, որ այստեղ ներգրավված են անգամ շատ փոքր երեխաներ. «Դա շատ կարևոր է, որ երեխային ամենափոքր տարիքից ես մտցնում այդ մեծ դաշտը, որովհետև, ես ցավով եմ ասում և նորություն չեմ ասում, որ այսօր Հայաստանում մեծ պահանաջարկ ունի ցածրորակ երաժշտությունը, և միայն այսպես սերունդներին կրթելով մենք կարող ենք որակը բարձրացնել,- ասաց դիրիժորը և հավելեց, որ թեև Հայաստանում այդքան սիրված ու տարածված է ցածրորակ երաժշտությունը, բայց չենք կարող այդ «արվեստի» ներկայացուցիչներից որևէ մեկին նշել, որը կարող է Հայաստանը ներկայացնել արտերկրում. «Հայաստանցի թեկուզ էստրադային որևէ մի երաժիշտ արտասահմանում չի կարող ոչ հայ հանդիսատեսին ներկայացնել հայ արվեստը:

Իսկ ինչ վերաբերում է դասական արվեստին, այստեղ մենք ունենք հարյուրավոր մենակատարներ, որոնք ներկայացնում են և´ արտասահմանյան արվեստը, և´ հայ մեծ կոմպոզիտորներին աշխարհում: Այնպես որ, Հայաստանի դեմքը հենց այս արվեստն է ներկայացնում»,- ամփոփեց բանախոսը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031