Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անի Գեւորգյան. «ՀՔԾ-ում քննիչն ուղղորդում էր Կենտրոնի ոստիկանապետին»

Մայիս 31,2014 15:24

Արդեն տեղեկացրել ենք, որ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) պետք է առերեսում կատարվեր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի եւ Կենտրոնի ոստիկանապետի միջեւ:

Կենտրոնի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի եւ լրագրողի միջեւ առերեսումը քիչ առաջ ավարտվեց: Aravot.am-ի հետ զրույցում Անի Գևորգյանն ասաց, որ առերեսման մասին, ավելի ճիշտ՝ նախաքննական տվյալներ չի կարող ասել, քանի իր ստորագրությամբ պարտավորվել է նախաքննական տվյալներ չհրապարակել: «Մի բան կարող եմ ասել՝ այս առերեսումը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ոստիկանությունում ուսադիրներով հանցագործներ են աշխատում»:

Անի Գեւորգյանը նաեւ վստահեցրեց, որ առերեսման ժամանակ նկատել է, որ քննիչն ուղղորդում էր, ավելի կոնկրետ՝ սրբագրում էր Կենտրոնի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի բանավոր խոսքը եւ իրավական առումով անխոցելի ձեւակերպումներ անում արձանագրությունում»: Մեր այն հարցին, թե կոնկրետ ինչ կերպ էր այդ սրբագրումը կատարվում, Անին չմանրամասնեց, միայն հավելեց, որ Կենտրոնի ոստիկանապետը բանավոր այլ բան էր ասում, իսկ փաստաթղթում այն ի շահ Արտակ Պողոսյանի էր գրվում:
Առերեսումը շարունակվելու է, սակայն ե՞րբ, ՀՔԾ-ից չեն ասել: Այսօր առերեսում պետք է լիներ նաեւ ոստիկան Վարդան Գեւորգյանի եւ Անի Գեւորգյանի միջեւ, սակայն այն տեղի չունեցավ:

Հիշեցնենք, որ Արտակ Պողոսյանն, ըստ Անի Գեւորգյանի, փետրվարի 12-ին ոստիկանության բաժանմունքում հարվածել է լրագրողի դեմքին եւ վերցրել հեռախոսը ,իսկ ոստիկան Վարդան Գեւորգյանը նույն օրը քաշքշել է լրագրողին եւ փորձել նրա տեսախցիկը վերցնել, որի մասին վկայող մի քանի տեսանյութեր կան:

Այս դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 12-ին մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ժամանակ: Այս օրը Անի Գեւորգյանին ոստիկանության բաժին են տարել, որտեղ երեք ոստիկաններ որոշակի, ըստ լրագրողի, ապօրինի գործողություններ են կատարել նրա նկատմամբ. վերցրել են տեսախցիկն ու հիշողության քարտը հանել ու առանց քարտի վերադարձրել տեսախցիկը: Այս ոստիկանները նախորդ՝ մայիսի 29-ի առերեսման ժամանակ, ինչպես մեզ պատմել էր լրագրողը, սուտ ցուցմունք են տվել. «Նրանք այն ոստիկաններն էին, որոնք ականատես էին եղել փետրվարի 12-ին իմ նկատմամբ տեղի ունեցած, ըստ էության բոլոր ապօրինություններին: Երեք ոստիկաններն էլ, ըստ էության, հանցագործություն արեցին այդ օրը, քանի որ զգուշացված լինելով՝ սխալ եւ սուտ ցուցմունքներ տալու հետ կապված պատասխանատվության մասին, այնուամենայնիվ, նրանք սուտ ցուցմունքներ տվեցին: Ըստ նրանց ցուցմունքների՝ կենտրոնի ոստիկանության պետ Արտակ Պողոսյանն ընդհանրապես չի մտել այն սենյակ, որում ես գտնվել եմ, հետեւապես որեւէ մեկն իմ նկատմամբ որեւէ բռնություն չի գործել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031