Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունը հերքում է «ադրբեջանական քարոզիչների» տարածած տեղեկատվությունը

Մայիս 31,2014 13:49

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող տեղեկատվության տարածումը: Այս անգամ ադրբեջանական «ապա.ազ»-ի քարոզիչները, վկայակոչելով «ռազմական աղբյուրներ», գրում են, թե մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի պաշտոնը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող այս տեղեկատվությունը վերածվում է զավեշտի` հայ սպայի «փոխգնդապետ» զինվորական կոչումը ադրբեջանական քարոզիչները նշում են որպես «գնդապետ-լեյտենանտ»:
Վերոնշյալ ապատեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի նաև այն առումով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությունը, որտեղ տեղակայված մարտական հենակետում մայիսի 25-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը, վերահսկվում է ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից, իսկ ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները տեղակայված են բոլորովին այլ հատվածում և պատասխանատվություն են կրում այլ ուղղության անվտանգության ապահովման համար:
Կարծում ենք, որ ադրբեջանական քարոզիչների «ռազմական աղբյուրները», թերևս, պատկերացում ունեն ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի պատասխանատվության գոտու սահմանների վերաբերյալ, և զավեշտալի է, որ փորձ է արվում սեփական գործելաոճը, այն է` արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելն ու փաստերը խեղաթյուրելը, վերագրել հայկական կողմին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: Կոչ ենք անում տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին և զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031