Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մայիսի 29-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «փայծաղի վնասում, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1998 թ. ծնված Մինաս Ա.-ն:
Վերջինիս մայրը բացատրություն էր տվել, որ հեռուստացույցի ալեհավաքն ուղղելու ժամանակ որդին սայթաքել և վայր է ընկել աստիճանից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մայիսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 1993 թ. ծնված Կարապետ Կ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Հատիս գյուղից Կապուտան տանող ճանապարհին կորցրել է ինքնակառավարումն ու շրջվել, որի ժամանակ ավտոմեքենայի սրահում գտնվող Մինաս Ա.-ն ստացել է վնասվածքներն ու տեղափոխվել հիվանդանոց:
Կարապետ Կ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: