Այս տարի գլուխ բարձրացրած թրթուրներն անակնկալի են բերել անգամ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Այսօր խորհրդարանում, 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ այդ մասին բարձրաձայնեց նախարարը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցին: «Անցած տարի սկսվեց, այս տարի որոշակի շատ էր հատկապես Կոտայքի և Արագածոտնի մարզում, բայց համապատասխան միջոցառումների արդյունքում կարող ենք ասել, որ այսօր վիճակը լրիվ բավարարում է նորմալ պայմանների համար»,- ասաց Սերգո Կարապետյանը:
ԲՀԿ-ական պատգամավորի մտահոգությունն էլ այն էր, որ ոչ ոք այդպես էլ չկարողացավ բացատրել` թրթուրների հարձակման պիկը գյուղատնտեսությունն անցել է, թե հետագայում էլի է լինելու: Լյովա Խաչատրյանը նաև նկատեց, որ եթե որևէ մասնագետ կապացուցի, որ պիկն անցել ենք, ապա ֆինանսավորման ավելացում գուցե պետք չէ, բայց կարծիք հայտնեց, որ ֆինանսավորումը դրանց դեմ պայքարում պետական բյուջեով պետք է ավելացվի: Նախարարը պատգամավորին հավաստիացրեց, որ ֆինանսավորումը հետագայում կավելացվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ