Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը և Ղարաբաղը բաժանելը Պուտինի ծրագիրն է». «168 ժամ»

Մայիս 31,2014 10:29

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ
– Մայիսի 29-ին Ղազախստանի նախագահը պահանջ դրեց Հայաստանի առաջ, ըստ որի` Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Ակնարկը վերաբերում էր նրան, որ Հայաստանը կանդամակցի առանց ԼՂՀ-ի: Կարո՞ղ է նման նախապայմանը ստիպել, որ Հայաստանը վերանայի այդ կազմակերպությանն անդամակցելու իր որոշումը:

– Ես շատ կուզենայի, որ օգտվելով դրանից` Հայաստանը, եթե անգամ ամբողջական հրաժարման մասին էլ չհայտարարեր, գոնե ինչ-որ ժամանակով սառեցներ իր համագործակցությունն այդ կառույցի հետ:
Կարծում եք, որ Հայաստանի նախագահը պետք է հրապարակային պատասխան տա՞ր Նազարբաևին:

– Նազարբաևի հայտարարությունը, ինչ խոսք, վիրավորական կարելի է համարել Հայաստանի համար, և Սերժ Սարգսյանը կարող էր ասել, որ եթե ակնարկը վերաբերում է ԼՂՀ-ին, ապա այդ երկրի ղեկավարությունը ներկայացված չէ հանդիպմանը, իսկ եթե Ղազախստանի նախագահը ցանկություն ունի շփվել ԼՂՀ իշխանությունների հետ, ապա ինքը կարող է օգնել նրան այդ հարցում: Ի վերջո, ԼՂՀ-ն անկախ պետություն է, իր Սահմանադրությամբ և ընտրված իշխանություններով, և որքան ինձ հայտնի է` ԼՂՀ իշխանություններն իրենք էլ ցանկություն չեն հայտնել անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:

– Ուզում եք ասել, որ Հայաստանի իշխանությունը չէ՞, որ պետք է որոշի` մտնո՞ւմ է ԼՂՀ-ն ԵՏՄ, թե՞ ոչ: 

– Ես միշտ դեմ եմ եղել ԼՂՀ-ին նայել` որպես Հայաստանի մարզերից մեկը: Կրկնում եմ` ԼՂՀ-ն անկախ պետություն է, պետականությանը հատուկ բոլոր ատրիբուտներով, այդ թվում և` սահմաններով, ԼՂՀ-ն Հայաստանին բարեկամ պետություն է, և մենք կարող ենք միմյանց օգնել, օժանդակել, բայց չպետք է միմյանց փոխարեն որոշումներ կայացնենք: Եվ այն հարցերը, որոնք վերաբերում են Ղարաբաղին, ուղղված են Ղարաբաղին, պետք է ուղղել միայն Ղարաբաղի իշխանություններին, քանի որ նրանք են լիազորված և իրավասու պատասխանելու այդ հարցերին:
– Եթե Հայաստանը հայտարարի, որ Ղարաբաղն անկախ պետություն է, և ինքը ԵՏՄ է մտնում առանց Ղարաբաղի, իսկ Ղարաբաղի` այդ միությանն անդամակցել- չանդամակցելու հարցը թող որոշեն ԼՂՀ ժողովուրդն ու իշխանությունները, ապա Ղազախստանի նախագահի հաջորդ պահանջը կարող է լինել այն, որ այդ երկու պետությունների մեջ պետք է լինի մաքսային վերահսկողություն, մաքսակետեր, և դա կարող է տնտեսական և բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանում և Ղարաբաղում: Նման վտանգ չե՞ք տեսնում:
– Նազարբաևն օրինակ բերեց Հայաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ասելով, որ այդ կազմակերպությանը Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Բայց Ղարաբաղում արտադրված ապրանքները որևէ խնդիր չունեն միջազգային շուկա դուրս գալու և ազատ իրացվելու. ես եվրոպական տարբեր երկրների խանութներում հանդիպել եմ ԼՂՀ-ում արտադրված ապրանքներ, որոնց վրա դրված է Հայաստանի շտրիխ կոդը: Նույն բանը կարող էր տեղի ունենալ նաև Եվրասիական տնտեսական միության դեպքում, բայց այդ կառույցի անդամները կամ նրանց մի մասը կարծես թե դեմ են դրան: Ինչո՞ւ է այդպես. որովհետև Ադրբեջանն այդ միությունում ունի իր շահերը ներկայացնող և պաշտպանող երկիր` ի դեմս Ղազախստանի և այդ երկրի նախագահի, ով իր վրա վերցրեց մամուլի խոսնակի դերը և հնչեցրեց Իլհամ Ալիևի նամակը: Հայաստանի իշխանություններն իրենց պետք է հարց տան` իսկ ո՞վ է այն երկիրը, որն այդ միությունում պաշտպանում է Հայաստանի շահը:
– Իսկ գուցե դա Ռուսաստա՞նն է:
– Հայաստանի իշխանություններն էլ են անընդհատ ասում, որ մեր բարեկամը, կա-չկա, Ռուսաստանն է, նամակ են գրում ռուսաց թագավորին, խնդրում են, որ Ռուսաստանը գա և տիրություն անի Ղարաբաղին: Բայց ես վստահ եմ, որ Ալիևի այն նամակը, որը կարդաց Նազարբաևը, դրա մի օրինակն էլ ուղարկված է եղել Վլադիմիր Պուտինին, և հենց նա է Նազարբաևին խնդրել կարդալ այդ նամակը: Պատճառն այն է, որ Ռուսաստանն ինքն էլ է շահագրգռված, որ Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետեր տեղակայվեն, քանի որ մաքսավորների հետ կամ մաքսավորների անվան տակ այդ սահմանին կհայտնվեն ռուս սահմանապահներ: Ռուսաստանն այս ճանապարհով կկարողանա իրականացնել իր վաղեմի նպատակը` զինված ներկայություն ապահովել ղարաբաղաադրբեջանական հակամարտության շփման գծում:

-Ստացվում է, որ Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մասքակետեր տեղադրելուն այլընտրանք չկա, և առաջիկայում դա տեղի է ունենալու:
– Չեմ կարծում, թե ամեն ինչ այդ աստիճան կանխորոշված է, քանի որ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպիսին կլինեն զարգացումները, կամ ինչպես կարձագանքեն այդ ձգտումներին այլ երկրներ, ինչպես կփոխվեն Պուտինի պլանները մեր տարածաշրջանում: Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու գաղափարն էլ է միայն Ռուսաստանինն ու Պուտինինը, որին դեմ են և Ղազախստանը և Բելառուսը, և Հայաստանը: Բայց քանի որ այս երկրներն ունեն ցմահ ընտրված ղեկավարներ, որոնց նպատակն իրենց իշխանությունը հնարավորինս երկար պահելն ու այն իրենց տղաներին, փեսաներին կամ այլ ժառանգորդների փոխանցելն է, նրանք գնում են Պուտինի նախանշած ճանապարհով։ Թե որքան կարող են գնալ, և ուր կտանի այդ ճանապարհը, միայն ժամանակը ցույց կտա: Անձամբ ես համոզված եմ, որ այդ ճանապարհով գնալը ոչ մի արդյունավետ ապագա չի խոստանում երկրներից և ոչ մեկին: Ավելին, ես համոզված եմ, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու համար կան նաև այլ անհաղթահարելի խոչընդոտներ: Օրինակ` Հայաստանի իշխանությունը չի կարողանալու հասնել նրան, որ Հայաստանի համար բացառություններ սահմանվեն որոշ ապրանքատեսակների ներմուծման համար, որ այդ ապրանքներն ավելի ցածր դրույքաչափերով մաքսազերծվեն Հայաստան ներմուծվելու դեպքում: Օրինակ, Բելառուսի կամ Ղազախստանի նախագահներն ինչո՞ւ պետք է համաձայնեն, որ սուրճը կամ մակարոնը Հայաստանում ավելի էժան լինեն, քան իրենց երկրներում: Խոսքը 900 տեսակ ապրանքների մասին է: Իսկ եթե Հայաստանը համաձայնի, որ այդ ապրանքները մաքսազերծվեն ԵՏՄ-ում գործող տարիֆներով, ապա Հայաստանում այնպիսի գնաճ կլինի, որ դրան չի դիմանա ոչ մի կառավարություն. խոսքը ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, այլ նաև Սերժ Սարգսյանի մասին է:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    դե եթե համադասորեն գործածեք Հայաստան ու Ղարաբաղ անունները, խի մենակ Պուտինը, բոլորն էլ կբաժանեն…երբեւէ ասում ե՞ք Հայաստան ու Երեւան, Հայաստան ու Լոռի, Հայաստան ու Շիրակ..չէ, ինչո՞ւ…որովհետեւ Հայաստանը հենց բաղկացած է Լոռուց, Շիրակից, Երեւանից ու անհեթեթեւթյուն է այդ անվանումները Հայաստանի հետ համադասորեն գործածելը…բայց Հայաստանը բաղկացած է նաեւ Արցախից…ուղղակի մինչեւ սա հասկականք, վախենամ արդեն շատ ուշ լինի..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031