Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աստանայում դարակազմիկ ոչինչ տեղի չի ունեցել. «Հայոց աշխարհ»

Մայիս 31,2014 10:10

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ

-Մեր քաղաքական հանրությունը, վերլուծական-քաղաքագիտական շրջանակները բառացիորեն «շոկի մեջ են» Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտարարությունից, թե Հայաստանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։
-Գիտեք ինչ, արդեն համակերպվել եմ այն փաստի հետ, որ մեր հասարակությունը՝ մամուլը, քաղաքական շրջանակները, ընդհանրապես բոլոր տեսակի «խոսող գլուխները», անգամ հասարակ մարդիկ, Հայաստանի շուրջ տեղի ունեցած ցանկացած իրադարձությունից «շոկի մեջ են ընկնում», անկախ նրանից, լա՞վ է դա, թե՞ վատ, բխում է Հայաստանի շահերի՞ց, թե՞ ոչ՝ նույնիսկ չփորձելով հասկանալ՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել, ըստ էության։
Գուցե մի փոքր թանձրացնում եմ գույները, բայց սա արդեն դարձել է հանրային գիտակցության, հոգեբանության անբաժանելի մասը. արտաքին ցանկացած ազդակ, ցանկացած իրադարձություն ընկալվում է որպես տիեզերական աղետ։
Եվրասիական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման շուրջ առաջացած «հիստերիայի» ալիքը ոչ մի կապ չունի ո՛չ Նազարբաեւի հայտարարության, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Բելառուսի հետ։ Մարդիկ, որոնք մշտապես ինչ-որ բանից «շոկի մեջ են ընկնում», ոչ միայն չեն փորձում՝ չեն էլ ուզում հասկանալ, թե ինչ է կատարվում։
Դա նույնիսկ «շոկ» էլ չէ, հոգեվիճակ է՝ ֆրուստրացիա, որի պատճառները Հայաստանի ներսում պետք է փնտրել. պառակտված հասարակություն, չկայացած քաղաքական ընդդիմություն, տնտեսության ստագնացիա… ավելի խորքային պատճառներ՝ աշխարհընկալման, ազգային հոգեկերտվածքի հետ կապված։
-Այսինքն՝ Աստանայում Հայաստանին մատուցված անակնկալը չպե՞տք է մտահոգի մեզ։
-Փորձենք հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել Աստանայում։ Սկսենք նրանից, որ Մաքսային միությունն ինքն իրենով բավական խոր հակասությունների տիրույթ է. լուրջ հակասություններ՝ մի կողմից, Ռուսաստանի եւ Բելառուսի, մյուս կողմից՝ Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ։ Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ հակասությունները թեպետ ընդգծված չեն, բայց ժամանակ առ ժամանակ ջրի երես են բարձրանում։
Այս ընդհանուր խորապատկերում Աստանայում տեղի ունեցածը մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ դարակազմիկ իրադարձություն համարել. ուրիշ բան, որ կոնտեքստից հանվում է, ինչպես մեզանում ընդունված է, եւ մատուցվում որպես Հայաստանին ուղղված մարտահրավեր։
Իրականում խնդիրը Մինսկ-Մոսկվա-Աստանա եռանկյան ներսում է՝ հակասությունները կան, հակասությունները խորն են, եւ սեփական շահերն առաջ տանելու, Ռուսաստանից առավելագույն զիջումներ կորզելու համար Բելառուսը եւ Ղազախստանը օգտվում են այն ամենից, ինչ ձեռքի տակ է ընկնում, այդ թվում՝ Հայաստանի անդամակցությունից։
-Այսինքն՝ Նազարբաեւի ադրբեջանահաճո «ժեստն» ուղղված էր ոչ այնքան Ադրբեջանին, որքան Ռուսաստանի՞ն։
-Ես կասեի՝ միայն Ռուսաստանին։ Ի՞նչ է, կարծում եք՝ Ղազախստանը գիշեր-ցերեկ մտածում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության կամ Ղարաբաղի սահմանների մասի՞ն։ Իհարկե՝ ոչ։ Դրանք հեքիաթներ են տնային տնտեսուհիների համար։ Իմիջիայլոց, Հարավային Օսիան եւ Աբխազիան էլ Ռուսաստանի հետ մաքսային սահման չունեն, չխոսելով արդեն Ղրիմի մասին, եւ ի՞նչ՝ ինչ-որ մեկը դա՞րդ է անում դրա համար։
Իհարկե Ղազախստանը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, բայց ո՛չ այն պատճառով, որ ուշքը գնում է Ադրբեջանի համար. ուղղակի Ադրբեջանը նրան պետք է։ Ղազախստանը լուրջ խնդիրներ ունի՝ Եվրոպա դուրս գալու հետ կապված, եւ Ադրբեջանը այն «խողովակներից» մեկն է, որով ղազախական նավթը հոսում է եվրոպական շուկա։ Ահա թե ինչու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։
Եվ հետո՝ որեւէ մեկը լրջորեն հավատում էր, որ Հայաստանը Ղարաբաղի հե՞տ է մտնելու Մաքսային միություն։ Կամ՝ չգիտե՞ր, որ դե ֆակտո իրավիճակը մի՛ բան է, դե յուրե ամրագրված իրողությունները՝ բոլորովին այլ բան։
Ի վերջո, երբ նախապատրաստվում էր Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը, որեւէ մեկը անհանգստանո՞ւմ էր, կո՞ւրծք էր ծեծում, բարձրագոչ հայտարարություննե՞ր էր անում Հայաստանի եւ Ղարաբաղի միասնական տնտեսական տարածք լինելու մասին։ Աստանայի շուրջ այս ամբողջ աղմուկ-աղաղակը Նազարբաեւի հայտարարությունների մասին չէ՝ Հայաստանի, Հայաստանում գոյություն ունեցող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին է։
-Այնուամենայնիվ ի՞նչ եք կարծում՝ Աստանայի պայմանագրին միանալու դեպքում բանը կարո՞ղ է հասնել նրան, որ «հիմնադիր եռյակը» Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ դնելու պահանջ դնի մեր առջեւ։
-Եթե շարունակենք աղմկել՝ ամեն ինչ հնարավոր է. անընդհատ ճչալով, գոռալով, լացուկոծ անելով՝ ինչո՞ւ չէ, կարելի է «հասնել» դրան, ինչպես եղավ ԵՄ հետ ասոցացման գործընթացի պարագայում։ Ասոցացման համաձայնագրի տապալվելը մեծապես պայմանավորված էր նաեւ նրանով, որ Հայաստանի «քաղաքակրթական ընտրության» շուրջ վայնասունը հասավ Մոսկվայի ականջին։
Հայաստանից լսվող ճիչերի տոնայնությունը «բարձր» գնահատելով՝ չեմ բացառում, որ վաղը իսկապես կարող ենք հայտնվել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ «մաքսային սահման» գծելու փաստի առաջ։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031