Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում մեզ Աստանայից հետո

Մայիս 31,2014 14:15

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են բլոգեր Տիգրան Քոչարյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության
վարչության անդամ Արմեն Առաքելյանը:

Արամ Աբրահամյան.- Նախեւառաջ ուզում եմ իմանալ ձեր վերաբերմունքը ընդհանրապես Եվրասիական տնտեսական միությանը: Ձեռնտո՞ւ է, ձեռնտու չէ՞ այդ պրոյեկտը Հայաստանի համար:

Տիգրան Քոչարյան.– Ոչ՝ սառը, ոչ՝ տաք: Երկու դիտանկյունով կարելի է նայել, առաջինը՝ ներսի հայացքով, մյուսը՝ դրսի: Կարող ենք տեսնել՝ աշխարհաքաղաքական նոր հայեցակարգ է ձեւավորվում ամբողջ աշխարհում, եւ կողմերին ստիպում են կողմնորոշվել, այսինքն՝ շատ բարդ է գտնել հիմա, ենթադրենք՝ Ռուսաստան, Չինաստան, Արեւմուտք, այդ 3 բեւեռներից դուրս որեւէ չկողմնորոշված երկիր կամ որեւէ երկիր, որը փորձում է մաքսիմալ անկախ մնալ, իմ կարծիքով՝ այդպիսի երկիր չկա:

Ա. Ա.- Այսինքն «կամ-կամ» է…

Տ. Ք.– Ես ավելի շատ «ոչ-ոչ»-ի կողմնակից եմ կամ «եւ-եւ»ի, բայց եթե մեզ պարտադրեն որեւէ միության անդամ դառնալ՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, նույնիսկ կարող եմ ասել՝ պարտադրված Եվրասիական միության անդամ ենք դառնալու: Պարտադիր, բայց ոչ պարտադրված: Բոլորս ուզում ենք, որ մեր երկիրը անկախ լինի, որ մեր երկիրը ծաղկի, այնքան հնարավորություն ունենա, որ հավասարը հավասարի հետ խոսի մեծերի հետ, այնքան ուժեղ լինենք ֆիզիկապես ու բարոյապես, որ նույն Նազարբաեւին պատասխանը տանք եւ տեղը դնենք: Շատ եմ ցավում՝ այդ վիճակում չենք գտնվում, եւ շատ գործոններ կան՝ սկսած կոռումպացված համակարգից, վերջացրած ընդհանուր իրավիճակով, տարածաշրջանով, այստեղ ներկա պետությունների շահերով, ռուսական ռազմաբազայով եւ այլն: Ցավոք սրտի, եթե ռեալ խոսենք, Հայաստանին հիմա միակ բանը որ մնացել է՝ մաքսիմալ այնպես մանեւրի, որ մինիմալ վնասներ կրի:

Արմեն Առաքելյան.- Ես գտնում եմ՝ Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր է Մաքսային միությունը, քան Եվրասիական միությունը, որովհետեւ երեկ երբ ծանոթացանք Եվրասիական տնտեսական միությանը, այսինքն՝ միշտ գաղտնի էր պահվում, երեկ որոշակի բաներ գաղտնազերծվեցին, առանձնապես իրենից ոչինչ չի ներկայացնում, հերթական մեռելածին կազմակերպությունն է, ապագա չունեցող միություն: Դա, իհարկե, Ռուսաստանն անում է, որ ցույց տա՝ ինքն էլ է ոչ թե շարքային պետություն՝ Ինդոնեզիայի, Թուրքիայի եւ մյուս պետությունների կարգի, այլ հավակնում է դառնալ գերտերություն՝ իր շուրջը համախմբող պետություն: Դա ՌԴ ամբիցիաներն են, եւ Եվրասիական միությունը Մաքսային միությունից քիչ ավելի վտանգավոր է, քանի որ այստեղ գոնե դեկլարատիվ առումով դրված են տնտեսական հարաբերություններ, եւ Հայաստանը իր սուվերենությունից ոչինչ չի լիազորում այդ մարմնին: Այսինքն՝ դա ոչ թե վերպետական մարմին է, այլ խորհրդակցական համակարգող մարմին: Իսկ Մաքսայինը վտանգավոր է նրանով, որ ստեղծվում է վերպետական մարմին, որի որոշումները պարտադիր են բոլոր պետությունների համար: Բնական է՝ ամեն ինչ բխելու է Ռուսաստանի շահերից, ՄՄ ցանկացած որոշում Հայաստանի համար պարտադիր է լինելու: Հիմա օրինակ՝ 1200 ապրանքատեսակով մեզ մոտ մաքսային տուրքերը ավելի ցածր են, քան Մաքսային միությունում, բայց ոչ մի զիջումների չեն գնում Հայաստանի համար եւ պարտադրում են՝ մաքսատուրքերը այն չափով լինեն, ինչով ձեռնտու է Ռուսաստանին:

Ա. Ա.– Այսինքն՝ զուտ պրագմատիզմի տեսակետից Մաքսային միությունը վտանգավոր է. համաձա՞յն եք, թե՞ ոչ:;

Տ. Ք.- Ես չէի ասի՝ վտանգավոր է, Մաքսային միությունը իր դրական կողմերն էլ ունի, հակառակ դեպքում որեւէ երկրի կառավարություն չէր փորձի այդ ճանապարհով գնալ: Հայաստանը արդեն բազմիցս իր սուվերենությունը կորցրել է՝ միանալով տարբեր վերպետական մարմինների՝ Եվրոպական դատարան, ԵԱՀԿ, Առեւտրի համաշխարհային կազմակերպություն… այդ բոլոր կազմակերպությունների որոշումները պարտադիր են Հայաստանի համար, ու ասել, որ Մաքսային միության դեպքում ՀՀ-ն առաջին անգամ կկորցնի սուվերենությունը՝ ոչ: Ես նորից եմ ասում՝ գլոբալիզացիա է գնում, եթե Հայաստանը մաքսիմալ իր համար, տնտեսության համար, դեմոգրաֆիկ վիճակի համար կարողանա այնպես մանեւրել, որ նույն Մաքսային միությունը՝ բացի օգուտից, ուրիշ ոչ մի բան չբերի, կամ նույն Եվրոպայի ասոցացման պայմանագիրը, բացի օգուտից, ուրիշ այլ բան չբերի, դա շատ լավ կլինի եւ ողջունելի, ի վերջո՝ հիմնական նպատակը Հայաստանի համար զարգացած, բարգավաճող երկիր լինելն է: Հայաստանը՝ միանգամից ասեմ, հասկանում եմ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը:

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031