Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքն ու օրվա հացը

Մայիս 31,2014 15:20

Եվ երբ Նահապետը հարմար տեղավորվեց ջրաղացի եւ դարբնոցի միջեւ, նայեց, երկար նայեց իր դիմաց նստածներին ու ասաց.
– Ես հիմա ձեզ կասեմ բաներ, որ հույս ունեմ՝ չեք մոռանա.
– Շնորհքը գնահատելու համար գնահատելու շնորհք է պետք: Մշտական ընկեր չես կարող լինել, եթե քո խնդիրը օրվա հացի հետ է կապված: Ոչ մի իրականություն անշարժ չէ, քանի որ իրականությունն այդ ընդամենը մարդու թվացյալ ցանկությունների մեջ է:
– Հիշե՛ք,- շարունակեց Նահապետը,- ձեզ անտեսողը ու ձեզ թագավորեցնողը ձեր իսկ հայրենիքն է, եւ ինչքան էլ նեղության մեջ լինեք, երբեք չմտածեք, թե հայրենիքն էժան է, իսկ օրվա ուտելիքը՝ թանկ: Չգիտեմ՝ ձեզանից ով ինչի կարժանանա, բայց դժվարը Դատավորի աթոռն է, քանի որ մի օր երբ նստեք Դատավորի աթոռին, բոլորը ձեր աչքին հանկարծ մեղավոր կթվան:
Բայց ոչ միայն օրենքով, այլ նաեւ ձեր խղճով է պայմանավորված, թե ո՞վ է արդար եւ ո՞վ է մեղավոր: Եվ ձեզ օրենքից առաջ կփրկի նաեւ Դատավորի մեծահոգությունը, քանի որ ճշմարիտ ճանապարհն է՝ Մի՛ դատիր արդար, դատիր գթությամբ, քանզի արդար դատելը հեշտ է, բայց պաշտոն շնորհելուց չմոռանաք հետեւել նրա խղճին: Այդպիսին պետք է լինի առաջնորդը երկրի…
Հետո Նահապետը երկար լռեց՝ շարունակ քրքրելով իր մաշված քղամիտի գրպանները: Նա անընդհատ ինչ-որ բան էր փնտրում, բայց կարծես թե այդպես էլ չգտավ: Եվ ակնդետ նայելով իրեն լսողներին՝ ասաց.
– Մի օր՝ հերթական անգամ թագավորը գնում է որսի եւ ճանապարհին հանդիպում է յոթ զավակ ունեցող գյուղացի Սահակին, ով հանդ էր գնում: Սահակը խոնարհվում է թագավորի երթի առջեւ եւ շարունակում է իր ճանապարհը: Այդ օրը, սակայն, թագավորի որսն անհաջող է լինում: Թագավորը ջղային վերադառնում է պալատ, հրամայում է կանչել Սահակին ու գլխատել:
Սահակը լսում է իր դատավճիռը եւ թագավորին ասում.
– Տե՛ր արքա, դու որսի էիր գնում, ես՝ հանդ, դու պալատ վերադարձար, իսկ ես տուն չհասա, հիմա մեզանից ո՞ւմ օրը չստացվեց: Դու կարող ես ինձ պատժել, բայց մինչ այդ մի խորհուրդ ունեմ տալու,- ասում է Սահակը,- ձեռքիդ նվագարանի լարը այնքան մի ձգիր, որ կտրվի, եւ այնքան մի թուլացրու, որ չնվագի:
– Եվ որովհետեւ թագավորն իմաստուն էր,- շարունակեց Նահապետը,- Սահակին ասաց.
– Դու արդար հարց տվեցիր ինձ, ես վերադարձել եմ պալատ, իսկ դու տուն չես հասել: Այդ ես եմ մեղավոր, որ իմ որսը չստացվեց, դու գնա տուն: Եվ քանի որ մոտենում էին տոները, թագավորը նվերներ շնորհեց Սահակին եւ նրա զավակներին՝ ասելով.
– Եվ դո՛ւ, Սահա՛կ, արդարախո՛ս մարդ,- շարունակեց թագավորը,- չմոռանաս, սակայն, որ վաղը քո հանդի օրը չէ, այլ որսի գնալու ենք միասին:
Այսպես խոսում էր իմ Նահապետը՝ ջրաղացի եւ դարբնոցի միջեւ նստած.
– Այո՛, երբեք չմտածեք, թե հայրենիքն էժան է, իսկ օրվա ուտելիքը՝ թանկ…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    “Շնորհքը գնահատելու համար գնահատելու շնորհք է պետք: Մշտական ընկեր չես կարող լինել, եթե քո խնդիրը օրվա հացի հետ է կապված:.. ”
    հիանալի է ասված :
    ……
    Շնորհալակություն

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031