Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհանգստանում եմ այն մարդկանց համար, ովքեր չեն հասունացել, բայց հասել են որոշակի տարիքի»

Մայիս 31,2014 15:00

Կարեն Անդրեասյանը՝ Պարույր Հայրիկյանին

Դուք Ձեզ «երիտասարդիկ» համարո՞ւմ եք՝ «Առավոտի» հարցին երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսպես պատասխանեց. «Ես ինձ համարում եմ ավյունով, երիտասարդությամբ լի, բայց բավական հասուն: Անհանգստանում եմ ոչ թե երիտասարդ տարիքի համար, այլ այն մարդկանց, ովքեր չեն հասունացել, բայց հասել են որոշակի տարիքի: Դա ավելի վտանգավոր է, քան լինել հասուն, բայց տարիքով երիտասարդ»: Կարեն Անդրեասյանի «երիտասարդիկ» բնորոշման հեղինակային իրավունքը պատկանում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: Առիթը ՄԻՊ-ի 2013 թվականի տարեկան զեկույցն էր, որում օմբուդսմենը ցավ էր հայտնում` նախագահական ընտրությունների ժամանակ Հայրիկյանի վրա իրականացված մահափորձի արդյունքում ՀՀ պետբյուջեից վերջինիս բուժման համար տրամադրված 20 միլիոն դրամի համար: Հայրիկյանն անպարկեշտ էր համարել, որ 640 հազար դրամ աշխատավարձ ստացող օմբուդսմենը ՀՀ քաղաքացիներին իշխանությունների ոտնձգություններից պաշտպանելով զբաղվելու փոխարեն՝ իրեն է փնովում: Նա հիշեցրել էր, որ ժամանակին ինքն իր չորս հոգանոց կազմով եւ առանց աշխատավարձի ավելի արդյունավետ էր աշխատում, քան Կարեն Անդրեասյանն այժմ` պետական ֆինանսավորմամբ եւ դրամաշնորհային ծրագրերով:

Իր աշխատավարձին վերաբերող դիտարկման առիթով Կարեն Անդրեասյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ ի համեմատություն շատ պետական ծառայողների՝ ես ավելի բարձր եմ վարձատրվում, բայց այդ աշխատավարձերը, որոնք մենք ստանում ենք, կարծում եմ՝ արդարացված են: Ես շատ ավելի բարձր աշխատավարձեր ստանալուց եմ եկել այստեղ աշխատելու, որովհետեւ համարել եմ, որ այն առաքելությունը, որն այստեղ իրականացնում ենք, կարեւոր է: Իսկ իմ աշխատավարձը հաշվելը, անհանգստանալը… կարող է ներկայացնել օրենսդրին: Չնայած ես կարծում եմ, որ նույնիսկ ավելի համեստ է, քան ստանում են շատ երկրների իմ գործընկերները»: Ըստ օմբուդսմենի պաշտոնական կայքէջի՝ Կարեն Անդրեասյանն աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում, միջազգային կազմակերպություններում, տարբեր պետական կառույցներում, սեփական իրավաբանական ընկերություն է ղեկավարել:
Կարեն Անդրեասյանն անընդհատ կանխում էր հարցերը՝ այդպես էլ թույլ չտալով դրանք բարձրաձայնել` ասելով, որ կոնկրետ անձանց չի պատասխանում, կոնկրետ անձանց հետ բանավեճերի մեջ չի մտնում, մանավանդ, որ համարում է, որ այդ «բանավեճերը ոչ թե կոռեկտության, ոչ թե պատշաճության, նույնիսկ հաճախ անբարոյականության դաշտում են լինում»: Այնուհանդերձ՝ հայտարարեց, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն ակնկալելու իր պաշտպանությունը, եւ եթե ինքը որեւէ մեկին, նույնիսկ արդարացի հակադարձի, այդ մարդուն կարող է միայն թվալ, թե օմբուդսմենը պատրաստ չէ իրեն օգնել, եթե ինքը դրա կարիքն ունենա:

Միջանկյալ հայտարարություններից հետո Կարեն Անդրեասյանն ի վերջո պարզաբանեց. «Իմ քննադատությունը ոչ թե կոնկրետ անձի էր վերաբերում, այլ այն, որ կառավարությունը հայեցողական մոտեցումներ ունի որոշ դեպքերում, եւ մի մարդու կարող են տրամադրել գումար, մեկ ուրիշին` չտրամադրել: Երեխան կարող է ունենալ կյանքի հետ կապված խնդիր, բայց չստանալ այդ աջակցությունը, մի ուրիշ մարդ` արժանի կամ անարժան, ես դա չեմ քննարկում, այլ քննարկում եմ, որ չկա սկզբունքը, որով մարդիկ կարող են ակնկալել համանման աջակցություն կառավարությունից: Այսինքն՝ օրենքի հնարավորությունների առջեւ պետք է լինի եթե ոչ՝ հավասարություն, ապա գոնե՝ ողջամիտ ակնկալիքների հնարավորություն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031