Ալիեւը Եվրասիական միությունում Նազարբաեւի ձեռքով «գծում է» ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ սահմանները
Հայաստանը մինչեւ հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ քաշած պայմանին: Պայմանը, ինչպես եւ սպասվում էր, առնչվում է Լեռնային Ղարաբաղին. Հայաստանը պետք է միանա Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Այսինքն` Ադրբեջանը, որը որեւէ կապ չունի Եվրասիական միության հետ, իր կամքն է հայտնել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներին:
Ղազախստանի նախագահը մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում բացել է փակագծերը: Նազարբաեւը հայտնել է, որ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստացել են Ադրբեջանի նախագահի նամակը, որտեղ շեշտված է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանն անդամակցել է պայմանով, որ պայմանագրի դրույթները գործելու են միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում: Նա նշել է, թե հիմնադիր երկրների նախագահները չեն ուզում նյարդայնացնել իրենց ադրբեջանցի գործընկերոջը, ապա Սերժ Սարգսյանին դիմել է` «դուք նման ձեւով միացել եք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպը կա…»: Ղազախստանի նախագահը նաեւ հավելել է, որ այսօր տվյալ հարցի շուրջ որոշում չեն կայացնում, պայմանավորվում են, որ սա քննարկելու են հունիսին: Փաստորեն Նազարբաեւը առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում կետ ավելացնել այն մասին, որ ՀՀ-ն դա իրականացնում է այն սահմանների շրջանակներում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում: «Հարց, որը կարելի էր լուծել հետագայում: Այն մեզ համար այնքան էլ հաճելի չէ: Բայց կիրառել այն, ինչ դուք (Հայաստանը) կիրառել եք ԱՀԿ մտնելիս, որպեսզի չգրգռենք մեր մյուս ընկերոջն Ադրբեջանում»,- նկատել է Նազարբաեւը:
Ուշագրավն այն է, որ Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում Սերժ Սարգսյանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ առարկություն չի հնչել: Մինչդեռ վերջին շրջանում ՀՀ իշխանական շրջանակներից հնչում էին գնահատականներ, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո ՀՀ-ի եւ ԼՂՀ միջեւ մաքսային սահման չի կարող լինել, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատգամավորին խորհուրդ էր տալիս «քիչ խոսել» ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետերի մասին` «մինչեւ բանակցություններն ավարտվեն»: Ինչպես երեւում է, բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել:
Կարդացեք նաև
Եվրասիական միության հիմնադիր երկրների ղեկավարները եւ Սերժ Սարգսյանը պայմանավորվել են, որ կհամաձայնեցնեն, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել՝ մնացած երկու-երեք հարցերը, եւ Հայաստանը կարող է մինչեւ հուլիսի 1-ը ստորագրել Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, թե առաջնորդվելով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին միանալու վերաբերյալ պայմանագրի շուտափույթ ստորագրման ՀՀ նպատակամղվածությամբ՝ ՀՀ-ն ցուցաբերում է առավելագույն ճկունություն եւ կառուցողականություն: Նա նկատել է, որ պայմանագրին միանալու, պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ ՀՀ շահագրգռվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով. «Միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձեւավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը ՀՀ-ի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է ինչպես մեր գործարարների, այնպես էլ հասարակայնության կողմից, որոնք պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Երկրորդ՝ միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունման, ապահովենք մի շարք կարեւոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս»:
Այսպիսով՝ մայիսի 29-ին տրվեց Եվրասիական տնտեսական միության պաշտոնական մեկնարկը: ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ղրղըզստանը, ինչպես Աստանայում հայտարարել է նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը, ակնկալում է Եվրասիական միությանը անդամակցել մինչեւ տարեվերջ:
Ըստ Ղազախստանի նախագահի մամլո ծառայության` միության պայմանագրի տեքստից ղազախական կողմի պահանջով հանվել են բոլոր քաղաքական կետերը: Ավելի վաղ Ղազախստանի փոխարտգործնախարար Սամատ Օրդաբաեւը հայտնել էր, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կազմման ժամանակ երեք կողմերը` ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսը, հեռացել են փաստաթղթի քաղաքականացումից: «Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ողջ հիմնակմախքը մաքուր տնտեսական փոխգործակցությունն է: Հենց Ղազախստանի հետեւողական դիրքորոշման շնորհիվ պայմանագրից հանվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին քաղաքականությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, անձնագրային-վիզային ոլորտը, սահմանների ընդհանուր պահպանումը, արտահանման վերահսկումը եւ այլն: Պայմանագրի ինստիտուցիոնալ մասից ու երեք դրույթից բացի՝ կողմերը համաձայնեցրել են հավելյալ երկու փաստաթուղթ, որոնցից մեկն առնչվում է միջազգային գործունեություն ծավալելուն, իսկ երկրորդը՝ երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրեր պատրաստելու ու կնքելու կարգին: Միայն միության բարձրագույն մարմնի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համաձայնությամբ ու դրա մանդատով կարելի է մշակել ու կնքել միջազգային յուրաքանչյուր պայմանագիր»,- նշել էր նա օրեր առաջ:
Նկատենք, որ մինչեւ համաձայնագրի ստորագրումը` Աստանա մեկնելուց առաջ Բելառուսի նախագահը Մինսկում խորհրդակցություն էր անցկացրել կառավարության անդամների հետ եւ իր հիասթափությունն էր հայտնել պայմանագրի վերաբերյալ. «Սա այն պայմանագիրը չէ, որն ակնկալում էր ստորագրել Բելառուսը: Սա այն պայմանագիրը չէ, որի մասին ի սկզբանե հայտարարում էին մեր գործընկերները՝ նախեւառաջ ՌԴ-ն: Պայմանագիրը, որ մենք պետք է ստորագրենք, յուրատեսակ փոխզիջում է»,- ասել էր Լուկաշենկոն` նշելով, որ մի շարք վիճահարույց հարցերի լուծումը դուրս է մնացել Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պայմանագրի դրույթներից: «Ի սկզբանե մեզ խոստանում էին, որ երեք երկրների տնտեսությունները գործելու են միասնական կանոններով: Այժմ, սակայն, այդ խոստումը դրժում են»,- ասել էր Լուկաշենկոն՝ հավելելով. «Ինչ-որ բան հաշվարկեցին, հուզվեցին եւ որոշեցին, որ առանց բացառությունների եւ սահմանափակումների այս պայմանագիրը կազմել հնարավոր չէ: Սա է պատճառը, որ նավթի, գազի, դեղամիջոցների շուկաների ձեւավորմանը վերաբերող մի շարք խնդիրներ տեղափոխվում են երկկողմ համագործակցության դաշտ»: Լուկաշենկոն շեշտել էր, որ երկկողմ դաշտում հիմնական խնդիրները Մոսկվայի հետ են:
Պայմանագրի ստորագրումից հետո ռուսաստանցի պաշտոնյաները չէին թաքցնում միության կազմման իրական նպատակը: Պետդումայի պատգամավոր Անտոն Ժարկովը նշեց, թե Եվրասիական տնտեսական միության ստեղծումը «պատասխան է Արեւմուտքի փորձերին` պարտադրել ոչ ձեռնտու խաղի կանոններ իր գործընկերներին»: Իսկ ըստ Պետդումայի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովի` պայմանագրի ստորագրումը պատասխան է արտաքին ուժերի հաշվարկներին` անդամ երկրներին քաղաքականապես եւ տնտեսապես իրենց ենթակայեցնելու:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.05.2014