Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շանսը

Մայիս 31,2014 14:40
igityan

Հայաստանը կմտնի՞ Մաքսային միություն` առանց Ղարաբաղի

«Թվում է, թե Ադրբեջանը` նախագահ Նազարբաեւի շուրթերով, Հայաստանին շանս է տալիս` չմտնել մի անորոշ միավորում, որը ձեռնտու չէ Հայաստանին թե քաղաքական, թե տնտեսական տեսակետից». սա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի առաջին տպավորությունն է երեկ Աստանայում տեղի ունեցած իրադարձություններից: Հիշեցնենք՝ երեկ Ղազախստանի մայրաքաղաքում ավարտվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր: Նախագահ Սարգսյանն իր ելույթում նկատել է, որ «մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ», ու խնդրել է հաստատել մինչեւ հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության պայմանագրին ՀՀ-ի միանալու ժամկետ: Իսկ մինչեւ հուլիսի մեկը կստորագրվի Հայաստանի` ԵՄ-ին միանալու պայմանագիրը: Ղազախստանի նախագահը Հայաստանի անդամակցության մասով պայման է առաջ քաշել` միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Այն, որ այս միությունը քաղաքական է՝ ի հեճուկս դրա հիմնադիրների պնդումների եւ միության անվանման, ըստ Հովհաննես Իգիթյանի՝ փաստում է հենց Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը: Մեր զրուցակիցը արհեստածին է համարում Նազարբաեւի բարձրացրած մեկ այլ խնդիր, որ իբր Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը հենց այդ պայմանով է անդամակցել: «Նախ` նման բան չկա: Ապա` ոչ ոք չի հարցնում, թե ՌԴ-ն ինչ սահմաններով է մտնում այնտեղ: Ղրիմի կամ Օսեթիայի ու Աբխազիայի վրա Ռուսաստանի ազդեցության հարց չի բարձրացվում»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ Հայաստանն ունի երկու խնդիր` երկուսն էլ անհաղթահարելի: Դրանցից մեկը քաղաքական է. «Ի՞նչ է նշանակում՝ 15 օրում լուծել այս «տեխնիկական» հարցը: Պարզ է, որ Հայաստանը չի կարող ունենալ թե քաղաքական, թե տնտեսական սահման ԼՂՀ-ի հետ, եւ այդ հարցն անհաղթահարելի է»: Մյուս խնդիրը տնտեսական եւ սոցիալական բնույթի է: «Հայաստանը դիմել էր մոտ 900 ապրանքատեսակների մաքսահարկը, որպես բացառություն, ցածր տոկոսադրույքի վրա պահել: Պատասխանը մինչ օրս չկա: Դա Հայաստանի կապրիզը չէ: Եթե այդ հարցը չլուծվի, մեր տնտեսությունը եւ առավել եւս սոցիալապես ցածր խավը չի դիմանա գների բարձրացմանը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Զրույցի այլ մանրամասները` վաղվա «Առավոտում», իսկ թեմայի շուրջ ՀՀ փոխարտգործնախարարների լռության մասին կարդացեք www.aravot.am կայքում:

«Առավոտ» օրաթերթ
30.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031