Երբ առաջին անգամ երեւանյան կանգառներում հայտնվեցին ցուցանակները, որոնք հուշում են, թե այդ փողոցով որ երթուղայիններն են անցնում, քաղաքացիների գործը ավելի հեշտացավ: Մարդիկ այլեւս ստիպված չէին կանգառում հարցուփորձ անել՝ իմանալու, թե իրենց ուզած երթուղայինն այդ վայրով անցնո՞ւմ է, թե՞ ոչ: Կանգառներում ցուցանակները ոչ միայն երեւանցիների լուռ օգնականներն էին, այլ նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկների եւ հանրապետության այլ մարզերից այցելած քաղաքացիների: Քաղաքակիրթ երկրներից ժամանած զբոսաշրջիկը, որը սովոր չէ մարդկանց նեղություն տալ, եւ քարտեզը ձեռքին փորձում է ինքնուրույն գլուխ հանել եւ տեղաշարժվել, ցուցանակների ի հայտ գալուց հետո առանց խնդիրների գտնում էր իր ուզած հասցեն: Սակայն ներկայումս կանգառների ոչ բոլոր ցուցանակներն են իրենց այդ գործառույթն ապահովում. նրանցից շատերի վրա ոչ միայն տրանսպորտի համարներն են ջնջված, թերի նշված, այլեւ ցուցանակի ողջ ստենդը բացակայում է:
Այդպիսի ցուցանակների կարելի է հանդիպել ամենուր՝ թե՛ քաղաքի ծայրամասերում, թե՛ կենտրոնական փողոցներում:
«Առավոտը» շրջայցի միջոցով պարզեց, որ օրինակ՝ Մաշտոցի պողոտայում, Ամիրյան, Խանջյան, Ագաթանգեղոս, Արշակունյաց, Գարեգին Նժդեհ եւ այլ փողոցների, ինչպես նաեւ քաղաքի մի շարք ծայրամասային, բայց մարդաշատ փողոցներում այդ ցուցանակներից, կարելի է ասել, մնացել են միայն երկաթյա ձողերը. տրանսպորտի մասին հուշող թվերի փոխարեն մարդիկ կարդում են՝ «կգնեմ մազեր, վաճառվում է բնակարան, ինտերնետը այլասերում է, ավտոբուսներով ու մատչելի գներով՝ Երեւան-Կրասնոդար» եւ նույնիսկ պարսկերեն լեզվով հայտարարություններ:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» պարզաբանեցին, որ ցուցանակների վրա հայտարարություն փակցնելը օրենքի խախտում է, եւ որ քաղաքապետարանը մայրաքաղաքի մի շարք վայրերում հայտարարությունների համար նախատեսված ցուցանակներ է տեղադրել: Ինչ վերաբերում է երթուղայինների համարների բացակայությանը, ապա քաղաքապետարանից ասացին, որ հետեւողական կլինեն եւ կլրացնեն դրանք:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
30.05.2014