Ինչպե՞ս են արտերկրի ընկերությունները տեղական ընկերությունների հետ շփվում, ի՞նչ խնդիրներ են ծագում նրանց պայմանագրային հարաբերությունների ժամանակ, եւ արդյո՞ք հայաստանյան դատարաններն ի վիճակի են լինում պաշտպանել սեփական արտադրողին:
Արարատի մարզում ավարտված եւ վերաքննիչ դատարան ուղարկված այս գործը բացառիկ էր այն առումով, որ մարզի դատարանն արգելանքի որոշում կայացրեց ռուսական ընկերություններից մեկի նկատմամբ:
ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը
դատավոր Ա.Հովհաննիսյանի այս տարվա մարտի 3-ի վճռով մասնակի բավարարել է Արարատի կոնյակի գործարանի հայցապահանջը:
Դատարանը որոշել է «Տորգովի Դոմ «Ռուսիմպորտ-Տվեր» ՍՊԸ-ից բռնագանձել 607.887,66 եվրո՝ որպես չկատարված պարտավորության գումար:
Պատասխանող «Տորգովի Դոմ «Ռուսիմպորտ-Տվեր» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կբռնագանձվի 12.021,848 եվրո գումարին համարժեք ՀՀ դրամ, որպես պետական տուրքի գումար: Ռուսաստանի ընկերություններից մեկը՝ «Տորգովի Դոմ «Ռուսիմպորտ-Տվերը» դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:
«Արարատի Կոնյակի Գործարան Ա.Կ.Գ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է ՌԴ տարածքում ճանաչել եւ թույլատրել ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 16.07.2013թ. հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հարկադիր կատարումը:
Դատարանի կողմից պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել էր: 11.12.2013թ. պատասխանող ընկերության ներկայացուցիչ Սամվել Սիմոնյանը դիմել էր դատարան` հայտնել, որ չի հանդիսանում «Տորգովի Դոմ «Ռուսիմպորտ-Տվեր» ՍՊ ընկերության ներկայացուցիչը, խնդրել էր պատասխանող ընկերության դատական ծանուցագրերն ուղարկել Ռուսաստանի Դաշնություն՝ պատասխանողի գտնվելու վայրի հասցեով: Դատարանը պատշաճ մի քանի անգամ ծանուցագիր է ուղարկել ռուսական ընկերությանը, սակայն կողմը հրաժարվել է դատական ծանուցագիրը ստանալ:
ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվեց «Տորգովի Դոմ «Ռուսիմպորտ-Տվեր» ՍՊ ընկերության հակընդդեմ հայցադիմումը՝ ընդդեմ «Արարատի Կոնյակի Գործարան Ա.Կ.Գ.» ընկերության:
ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ «Տորգովի Դոմ «Ռուսիմպորտ-Տվերի» հակընդդեմ հայցադիմումը վերադարձրեց նրան:
«Արարատի Կոնյակի Գործարան Ա.Կ.Գ.» ՍՊԸ-ի եւ «Տորգովի Դոմ «Ռուսիմպորտ-Տվեր» ՍՊԸ-ի միջեւ 2010 թվականի հուլիսի 1-ին կնքվել է մատակարարման պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ մատակարարը պարտավորություն է ստանձնում գնորդի պատվերների հիման վրա մատակարարել: Գնորդն էլ պարտավորվել էր ընդունել ալկոհոլային արտադրանք ու վճարել դրանց դիմաց:
Գնորդը մատակարարին խնդրել էր հաստատել, որ լրացուցիչ համաձայնագրերի խմբագրությամբ, պայմանագրի համաձայն, բոլոր հետագա մատակարարումները իրականացվելու են մատակարարի կողմից միայն բեռնվող ապրանքի դիմաց 100% կանխավճարի պայմաններով:
«Տորգովի Դոմ «Ռուսիմպորտ-Տվեր» ՍՊԸ-ն ստանձնել է միայն Արարատի կոնյակի գործարանի կողմից ՀՀ-ում արտադրված կոնյակը, բրենդին, գինին եւ այլ ալկոհոլային արտադրանքը Ռուսաստանի Դաշնության տարածքում իրացնելու համար ներկրել, բացառելով, որ «ուղղակի կամ 3-րդ անձանցից» կգնի նույն արտադրանքը: Ոչ «Տորգովի Դոմ «Ռուսիմպորտ-Տվեր» ՍՊԸ-ն, ոչ նրան միացած անձինք վերոնշյալ գործողություններից որեւէ մեկը չեն իրականացրել, հետեւաբար «Տորգովի Դոմ «Ռուսիմպորտ-Տվեր» ՍՊԸ-ն եւ նրան միացած անձանց կողմից «Տորգովի Դոմ «Ռուսիմպորտ-Տվեր» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ գործող պայմանագրով նախատեսված խախտումների եւ բացառիկ սահմանափակումներից վաղաժամկետ ազատման փաստերը բացակայում են:
Նշենք, որ վճարման վայրը եղել է Ռուսաստանի Դաշնությունը:
«Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավահարաբերությունների մասին» Մինսկի 22.01.1993թ. Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, իրավաբանական անձի դեմ նրա գործունեությունից բխող հայցը կարող է հարուցվել համապատասխան իրավաբանական անձի կամ նրա մասնաճյուղի գտնվելու վայրի դատարան, տվյալ դեպքում՝ ՌԴ դատարաններ: Այս միջնորդությունն արել է ռուսական ընկերությունը:
Իսկ Արարատի կոնյակի գործարանը՝ տվյալ դեպքում հայկական կողմը, հղում է արել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244 հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետին. «Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն նաեւ քննել օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե հայցը բխում է պայմանագրից, որով կատարումը տեղի է ունեցել կամ պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության տարածքում»:
Պայմանագրում, ինչպես նաեւ գործում առկա հաշիվ ապրանքագրերում, Քաղաքացիական օրենսգրքի 355 հոդվածի 2-րդ ենթակետի համաձայն, եթե պարտավորության կատարման վայրը որոշված չէ, այն պետք է կատարվի. «ապրանք կամ այլ գույք հանձնելու պարտավորությամբ, որը նախատեսում է դրա փոխադրումը` գույքը պարտատիրոջը հասցնելու համար առաջին փոխադրողին հանձնելու վայրում»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.05.2014