Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է հայ եկեղեցու պատմությունը հավասարեցնենք այլ կրոնների պատմությանը»

Մայիս 31,2014 14:10

Համոզված է պատմաբան Էդիկ Գեւորգյանը

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանն (լուսանկարում) ամենեւին էլ կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաների իրավունքների ոտնահարում չի համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցում, ինչպես նշված է ՄԱԿ-ի՝ Երեխաների իրավունքների հանձնաժողովի համապատասխան զեկույցում:

Ավելին, պատմաբանը համոզված է, որ այդ առարկայի դասավանդումը շատ տեղին է ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

F8W8226

Պատմաբանը գտնում է, որ ժամանակին սոցիալիստական հասարակարգի հռչակմամբ բոլշեւիկները որդեգրեցին կրոնի նկատմամբ անհանդուրժողական քաղաքականություն: «Խորհրդային Հայաստանն էլ՝ որպես ԽՍՀՄ-ի անբաժան մաս կազմող հանրապետություն, չէր կարող անմասն մնալ այդ քաղաքականությունից: Խորհրդային Հայաստանում եկեղեցին անջատվեց պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց, եւ կրոնի նկատմամբ ժխտողական քաղաքականություն վարվեց, էլ չենք խոսում 30-ական թվականների քաղաքական բռնաճնշումների մասին, որոնցից մեծապես տուժեց նաեւ հայ հոգեւորականության դասը: Բարեբախտաբար, Անկախության հռչակումից հետո՝ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ բարեփոխումների շարքում վերանայվեց նաեւ եկեղեցու եւ կրոնի հանդեպ եղած վերաբերմունքը, գնահատվեց Հայոց առաքելական եկեղեցու անուրանալի դերը հայ ժողովրդի պատմության մեջ»,- նշեց Էդիկ Գեւորգյանը:

Նրա ձեւակերպմամբ, պետականության բացակայության պայմաններում եկեղեցին իր ձեռքն է վերցրել երկրի թե՛ քաղաքական, թե՛ մշակութային եւ թե՛ դիվանագիտական առաքելությունը, կարողացել է ամենաօրհասական պահին կանգնել ժողովրդի կողքին, եղել ազգային ազատագրական շարժման ակունքներում՝ սկսած 301թ. քրիստոնեության ընդունումից ու Ավարայրից մինչեւ Սարդարապատ ու Արցախյան ազատամարտ: «Օրինակ, Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ սրբազանը զենքը ձեռքին իր հոգեւոր կոչումով կանգնած էր արցախցիների կողքին, այսօր էլ նրանց ոգեշնչում է, պահում հայրենի եզերքը»,- փաստում է մեր զրուցակիցը: Էդիկ Գեւորգյանը համոզված է, որ որեւէ այլ եկեղեցու հետեւորդի շահ չի ոտնահարվում, չհաշված այն, որ նրանք «անհասկանալի» ֆինանսական աղբյուրներից են սնվում ու ինչ-ինչ նպատակներ հետապնդում:
Մասնագետն ամեն դեպքում դեմ է, որ կրոնների պատմություն ուսուցանվի դպրոցում. «Փառք Աստծո, ԵՊՀ-ում ունենք աստվածաբանության ֆակուլտետ, Գեւորգյան ճեմարան, ուր կարող են այդ ամենը սովորել: Ինչ վերաբերում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, որպես պատմաբան, շատ ուրախ եմ դրա համար, քանի որ այն մեր ժողովրդի պատմության մի մասն է: Եվ մի բան էլ՝ միշտ չէ, որ եվրոպական արժեքները բխում են ազգի շահերից: Մենք ունենք ավելի լուրջ խնդիրներ, մարտահրավերներ, չպետք է հայ եկեղեցու պատմությունը որտնահարենք ու հավասարեցնենք այլ կրոնների պատմությանը»:

Հավելենք, որ մամուլին տված հարցազրույցներից մեկում նմանատիպ կարծիք էր հայտնել նաեւ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նա էլ ասել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը մեզ համար ազգային կենսական նշանակության խնդիր է, ազգային դաստիարակության, կրթության կարեւորագույն հարց ու հենց դրանով անընդունելի է կամավորության սկզբունքով առարկայի ուսուցումը. «Այն միմիայն պետք է լինի պարտադիր: Ի՞նչ իրավունք ունեն խառնվելու մեր կրթական ծրագրերին: Մենք ազգային պետություն ենք, մեր հարցերը ինքներս պետք է լուծենք»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Алина says:

    Я вполне согласна и поддерживаю автора статьи. Наши дети должны знать историю нашей церкви. Может это прможет им быть верующими, что желательно.
    С Уважением Алина Григорян. Москва

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031