Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք արտագաղթել, որ վերադառնանք»

Մայիս 31,2014 14:00

Վեց հայ երաժիշտ այս պահին
ԱՄՆ-ում հիմնականում չինական մշակույթ են քարոզում

Այս օրերին Երեւանում են հայաստանյան տարբեր նվագախմբերի 6 բարձրակարգ երաժիշտներ, որոնք վերջին շրջանում գործունեություն են ծավալել Նյու Յորքի SHEN YUN չինական մշակութային կենտրոնում: Նրանք են՝ տրոմբոնահար Կարեն Խաչատրյանը, կլարնետահար Մհեր Մնացականյանը, կոնտրաբասահար Տիգրան Ոսկանյանը, ջութակահարներ Արսեն Կետիկյանը, Աշոտ Դումանյանը եւ Ստեփան Խալաթյանը: Վեց երաժիշտներն էլ մշակութային կենտրոնի նվագախմբում են հայտնվել մրցույթով, իսկ դրանից առաջ 10 եւ ավելի տարիներ հայաստանյան կոլեկտիվներում են աշխատել:

«Առավոտի» հետ զրույցում արվեստագետները հայտնեցին, որ Նյու Յորքի SHEN YUN չինական մշակութային կենտրոնը համալիր է, որտեղ գործում է երաժշտական դպրոց, քոլեջ, չինական բալետային խումբ, երգչախումբ եւ մեծ սիմֆոնիկ նվագախումբ: Կարեն Խաչատրյանը նշեց, որ մեծ սիմֆոնիկը բաղկացած է 4 նվագախմբերից, որոնցից երկուսի գլխավոր կոնցերտմայստերները Արսեն Կետիկյանն ու Ստեփան Խալաթյանն են, իսկ մյուս հայազգի երաժիշտներն էլ հանդիսանում են նվագախմբերի տարբեր խմբերի կոնցերտմայստերներ: Մհեր Մնացականյանը հավելեց, որ նվագախմբերը հաճախ է հյուրախաղերի  մեկնում ողջ Ամերիկայով՝  ներկայացնելով շուրջ 5000 տարվա չինական մշակույթը: Ստեփան Խալաթյանն էլ հայտնեց, թե հանրահայտ չինական բալետը ազգային ու դասական բալետային արվեստների յուրատեսակ սինթեզ է:

Հարցին, թե ո՞վ է մեծ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, Աշոտ Դումանյանը պատասխանեց. «Նվագախումբը բաղկացած է տարբեր ազգերի ներկայացուցիչներից, այդ թվում՝ ուկրաինացի, բուլղարացի, ճապոնացի, ավստրիացի, իսկ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր չունենք: Նվագախմբի հետ հիմնականում աշխատում են 4 դիրիժորներ՝ Բուլղարիայից, Ավստրալիայից, Թաիլանդից, Ճապոնիայից: Կոլեկտիվը հանդես է գալիս ամերիկյան հեղինակավոր համերգասրահներում»: Իսկ բացի չինական եւ համաշխարհային դասական արվեստի երկերից, գոնե Արամ Խաչատրյանի արվեստին անդրադառնո՞ւմ է այդ նվագախումբը, մեր զրուցակիցները հայտնեցին, որ մինչ օրս չեն անդրադարձել, սակայն, արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Տիգրան Ոսկանյանը նշեց, որ իրենցից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս մենահամերգով, ինչպես նաեւ միասին՝ տարբեր կամերային կազմերով ու ներկայացնում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, մտադրված են նաեւ առաջիկայում հանդես գալ հայ ժամանակակից հեղինակների երկերով եւս: Հատուկ նշեցին նաեւ, որ հայ երաժշտարվեստ քարոզելուց բացի, առիթը բաց չեն թողնում ներկայացնել նաեւ հայոց պատմությունը:

Մեր՝ երբեւէ կվերադառնա՞ն Հայաստան հարցին ի պատասխան՝ երաժիշտները նշեցին, որ իրենք չեն արտագաղթել, որ հիմա էլ վերադառնան: նաեւ փաստեցին, թե ամերիկաներում հնչեցնում են նաեւ հայ երաժշտություն, ավելին՝ բացի պրոֆեսիոնալ գործունեությունից, մեծ հարգանք են վայելում ու ներկայացնում հայի որակյալ տեսակը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Ժամանակին «Առավոտի»՝ մշակութային բանկ ստեղծելու առաջարկը արժանացել է արվեստագետների հավանությանը: Նախագծի նպատակն էր՝ տեղեկություններ ունենալ նաեւ «դրսում» ստեղծագործող հայազգի արվեստագետների մասին:

Լուսանկարում` Առաջին շարքում ձախից՝ Տիգրան Ոսկանյանը, Կարեն Խաչատրյանը,
երկրորդում ձախից՝ Արսեն Կետիկյանը եւ Մհեր Մնացականյանը:

«Առավոտ» օրաթերթ
30.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031