Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այն, ինչ կատարվում է գիտության մեջ՝ զզվանք է առաջացնում

Մայիս 31,2014 13:45

Կամ՝ գողացող միշտ էլ կլինի` հովանավորներին է պետք պատժել

Երբեք լուրջ չեմ վերաբերվել Հայաստանում գործող կոչումների եւ աստիճանների համակարգին: Բայց այն, ինչ կատարվում է գիտության մեջ`արդեն զզվանք է առաջացնում: Եթե մինչեւ հիմա տարբեր կարգի չինովնիկներ էին գիտական աստիճաններ փախցնում` այլասերելով գիտական համակարգը, այժմ արդեն լկտիաբար գողանում են իրենցից ոչինչ չներկայացնողները: Խոսքը կենսաբանական գիտությունների բնագավառում կեղծված դիպլոմով դիսերտացիա պաշտպանելու դեպքի մասին է: Չէի անդրադառնա այս դեպքին, եթե մի քանի պատճառ չլիներ: Առաջին`դեպքի բոլոր «ֆիգուրանտներին» եւ նրանց հովանավորներին լավ գիտեմ: Երկրորդ` արդեն 5-րդ տարին է՝ աշխատում եմ Թայվանում, իսկ աշխատանքը կատարվել է այստեղ եւ ղեկավարն էլ Թայվանից է: Եվ, վերջապես, երրորդ` իմ անունն էլ են խառնել այս գարշահոտ գործին: Պարզվում է, եթե գիտության ասպարեզում ինչ-որ օրինական բան է տեղի ունենում` իմ մատը խառն է: Լավ, համաձայն եմ: Վերջիվերջո, վերջին 10 տարիների չարչարանքս արդյունք պե՞տք է տար: Բայց արի ու տես, որ արդյունքն է տարօրինակ: Գիտական հանրությունը քննարկում է ոչ թե գողության զզվելի փաստը, այլ` «էս ինչո՞ւ բռնվեցին գողերը»: Որ գողանում են` նորմալ է, բռնվելն է տարօրինակ: Առաջին էտապում քննարկվում էր իմ կողմից կեղծ դիպլոմ հայթայթվելու եւ վաճառելու հարցը: Երբ պարզվեց այս անհեթեթ վարկածի անհնարին լինելը՝ անցան հաջորդ էտապին. ուրեմն ես եմ հայտնել ԱԱԾ (ինչքան հասկանում եմ`սա ԿԳԲ-ն է): Լավ չեմ պատկերացնում, թե ինչու այս «թաղայինի» մակարդակի գործը պետք է ԿԳԲ-ն վարեր եւ ով է հնարել այս լեգենդը: Երեւի սեփական մանր գրպանահատությունը լուրջ «գողության» մակարդակի ներկայացնելու ձգտումն է ստիպել գործի մասնակիցներին այսպես «ծաղկացնել»: «Սուտ գողականը», ինչը գործի որոշ մասնակիցների կյանքի դեվիզն է, երեւի դա է պահանջում: Անկեղծ ասած, ինձ գործի «ֆիգուրանտնեը» չեն հետաքրքրում: Բոլորն էլ անմեղսունակ գեղջուկներ են` «քանի դեռ չեմ բռնվել`գողացող չեմ» պարզունակ բարոյականությամբ: Ինձ ավելի շատ հուզում է գիտական հասարակայնության տարօրինակ դիրքորոշումը եւ այս ամենի հովանավորների անպատժելիությունը: Այս այլանդակ եւ գաղջ մթնոլորտը ստեղծեց Գիտպետկոմը: Գողության փորձի բոլոր «ֆիգուրանտները» ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանի կողմից հովանավորվող մարդիկ են:

Ներառյալ այն ինստիտուտն ու գիտխորհուրդը, որի միջոցով փորձում էին «գողանալ» թեկնածուական դիպլոմը: Եթե ԿԳԲ-ն է վարում այս գործը`թող լսի խորհուրդս, թե ում պետք է պատժել: Մինչեւ պաշտպանության հասնելը՝ հայցորդը անցնում է երկար ուղի: Քննություններ երեք առարկայից: Մեկը չկա՞ր գոնե միջին ինտելեկտով, որ հասկանար թերի միջնակարգ կրթության առկայությունը: Թե՞ նախնական պաշտպանության ժամանակ հավաքվել էին մտավոր հաշմանդամներ ու ոչինչ չէին հասկանում: Իսկ նույն պաշտպանության պրոցեսն արդեն տհասության եւ ոչ պրոֆեսիոնալության գագաթնակետն է: Խորհրդի նախագահը ինչ-որ անհեթեթ բաներ է ասել իր այլ մասնագիտություն ունենալու մասին, բայց այստեղ խոսքը թերի միջնակարգ կրթությունը բարձրագույնից տարբերելու մասին է գնում: Եթե նույնիսկ դա չեք հասկանում` էլ ինչ գիտխորհուրդ, ինչ գիտական աստիճաններ:

Պատահական չէ, որ ականավոր գիտնական, ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ընտրվելու երաշխավոր կանգնում է հենց այս գիտխորհուրդը: Եվ անգրագիտության այս շարանը ֆորմալ տեխնիկական փաստարկով կանգնեցրել է ԲՈՀ-ը: Արդեն հոգնել եմ հայկական գիտության պրոբլեմների մասին գրելուց: Վերջնականապես ու անդարձելի ապականված այդ բնագավառն արդեն գարշահոտություն է տարածում արտասահմանում էլ: Չորս տարի առաջ, երբ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կազմում ստուգում էի Գիտպետկոմի սխրանքները, դեռ հույս ունեի, որ ինչ-որ բան կփոխվի: Միակ բանը, որ փոխվեց` ինձ հեռացրեցին Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտից: Առանց ամաչելու բացատրությունն էլ տրվեց` ես խանգարում եմ «վերադասներին»: Դժվար թե որեւէ բան հիմա փոխվի: Բայց եթե կարծում եք, թե անպատիժ ապականելու եք գիտական մթնոլորտը արտասահմանում էլ`չարաչար սխալվում եք: Հիմա թող պատասխան տա սուտ ատենախոսության թայվանցի ղեկավարը, որը փորձել է իր անդիպլոմ սանին գիտնական «կնքել»: Թող պատասխան տան, թե ինչպես կեղծ փաստաթղթերով տարիներ շարունակ աշխատավարձ են ստացել մարդիկ, որոնք նույնիսկ դպրոց չեն ավարտել: Շատ էիք ուզո՞ւմ անունս կապել ԿԳԲ-ի հետ: Հիմա կգտնեմ թայվանականը: Հուսով եմ՝ այստեղ մոտեցումներն ուրիշ կլինեն: Եթե չէ` տեղն արել եմ: Կգնամ աբորիգենների լեռնային մի գյուղ: Առաջնորդի տեղակալ գիտության գծով` հեչ վատ գործ չի:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախկին «Երեւանի Ֆիզիկայի
ինստիտուտի» նախկին աշխատակից

Պատրաստ ենք տպագրել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի տեսակետը, ինչպես նաեւ թեմայի հետ առնչվող այլ տեսակետներ:

Լուսանկարում` Սասուն Գեւորգյանը՝ Թայվանում:

«Առավոտ» օրաթերթ
30.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031