Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկատներում ինչ-որ բանի պակաս միշտ էլ լինում է». Դավիթ Հարությունյան

Մայիս 30,2014 23:01

ՀՀ մշակույթի նախարարությունը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և թատրոնի աջակցման հիմնադրամը երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բարեգործական համերգաշար են կազմակերպում:

«Հեքիաթն է կանչում» խորագրով բարեգործական համերգաշարի ողջ հասույթն ուղղվելու է մանկատներին, ինչպես նաև հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:

«Համերգաշարի նպատակներից մեկը նաև մեր մանուկներին Օպերային թատրոնի և արվեստի հետ կապելն է,- ասում է փոխտնօրենը:- Միշտ դժգոհություններ են լինում, թե մենք հանդիսատես չունենք, հեռացել ենք թատրոնից, արվեստից և այլն, ահա այս ձևով մենք ուզում ենք մատաղ սերնդին մոտեցնել թատրոնին, որպեսզի հետագայում դժգոհություններ չառաջանան հանդիսատեսի հետ կապված»:

Բացի այդ, նա ճիշտ չի համարում, որ գրեթե բոլոր միջոցառումները կենտրոնացած են մայրաքաղաքում. «Չենք ուզում մարզերը տարանջատել մայրաքաղաքից,- ասում է Հ. Գրիգորյանը,- և որոշեցինք, որ այն, ինչ պատրաստվում ենք ներկայացնել հունիսի 3-ին Երևանում՝ Օպերային թատրոնում, նույնը ներկայացնել նաև Գյումրիում (հունիսի 1-ին) և Վանաձորում (հունիսի 2-ին)»:

Համերգաշարի ռեժիսոր Դավիթ Հարությունյանն էլ համոզված է, որ տարեկան գոնե մեկ անգամ մարզերի երեխաները լավ երաժշտություն լսելու, լավ ներկայացում դիտելու հնարավորություն պիտի ունենան. «Դա շատ կարևոր է երեխաների համար,- նկատեց ռեժիսորը,- որովհետև նրանք դեռ ձևավորման շրջանում են, և պետք է այնպես անել, որ գեղեցիկի հանդեպ նրանց ընկալումները չփչանան»:

Դ. Հարությունյանի խոսքով՝ համերգին կմասնակցեն ոչ միայն Օպերային թատրոնի նվագախումբը, մեներգիչներն ու երգչախումբը, այլև հանրապետության էստրադային, ջազային երգիչները, մանկական երգչախմբերը, Տիկնիկային թատրոնի և Մայիլյան թատրոնի դերասանները և ուրիշներ:

«Կհնչեն նաև հայ կոմպոզիտորների հայտնի մանկական երգերն ու մեղեդիները՝ մշակված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար: Կլինեն հայրենական արտադրության հայտնի մուլտֆիլմերի երգեր, որոնք կկատարվեն սիմֆոնիկ նվագախմբի, մանկական երգչախմբի, ինչպես նաև մենակատարների կողմից: Համերգը կեզրափակվի հատուկ այս ծրագրի համար կոմպոզիտոր Արտակ Հակոբյանի գրած «Խաղաղություն երեխաներին» երգով: Մի խոսքով՝ ծրագիրը բավականին հագեցած է, երեխաները հազիվ թե ձանձրանան»,- նշեց Դ. Հարությունյանը:

Նա հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի, և մանկատները մշտապես նաև իրենց ուշադրության կենտրոնում կլինեն. «Մենք գիտենք, որ պետությունն իր ուշադրության կենտրոնում է պահում մանկատներին, բայց ինչ-որ բանի պակաս միշտ էլ լինում է, և մենք որոշել ենք այդ պակասը լրացնել»,- ասաց համերգաշարի ռեժիսորը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031