Մի քանի տարի առաջ, լավ չեմ հիշում, երեւի` 4-5, «Առավոտի» խմբագրություն եկավ մի պատկառելի տղամարդ ու ինձ ասաց` «Աղջիկ ջան, մի խնդրանք ունեմ»: Սկզբում մի քիչ զարմացա, որովհետեւ, մեր` սոցիալական խնդիրներով թեմաներով գրող լրագրողների սենյակ եկող քաղաքացիները հիմնականում ասում են` «Աղջիկ ջան մի բողոք ունեմ` կտպե՞ք», կամ էլ ասում են` «ուզում եմ թերթի տալ այսինչ պաշտոնյային» ու նման բաներ:
Այդ պատկառելի տղամարդու խնդրանքն իր հաշմանդամ որդու խնդրի շուրջ բարեգութ ու բարեգործ մարդկանց ուշադրությունը սեւեռելն էր: Հաշմանդամ տղան շատ խելացի էր, ԲՈՒՀ-ում գերազանց էր սովորում, հոր ներկայացմամբ` տղան շատ տաղանդավոր էր, պատվոգրերն ու շնորհակալագրերն էլ բերել էր, այն ժամանակ նա պիտի ավարտեր ուսումն ու աշխատելու խնդիր ուներ: Տղան իրեն վստահ, աշխատունակ ու լիարժեք զգալու համար ձեռքի պրոթեզավորման կարիք ուներ: Հայրը մանրամասն ներկայացրեց խնդիրն ու ասաց ինչ արժեր որդու լիարժեք կյանքի «ուղեգիրը»` վիրահատությունը: Տղայի ու հոր պատմությունը հետաքրքիր էր, որովհետեւ այդտեղ նաեւ խնդիր էր բարձրացվում, թե ինչո՞ւ կառավարությունը չի կարողանում, նույնիսկ չի ուզում հաշմանդամներին օգնել` աշխատունակ մարդ դարձնել: Ես հոդված գրեցի, ու գրելու ընթացքում աստված էի կանչում, որպեսզի որեւէ մեկը արձագանքի ու օգնի նրանց:
Նյութը տպագրվելու հենց հաջորդ օրը նույն տղամարդը եկավ մեր խմբագրություն, դեռ խոսքը չսկսած, ես արդեն մտքումս մտածում էի` «Ի՞նչ պիտի ասեմ, դեռ ոչ ոք չի արձագանքել, ամաչում էի` ես երեւսի չեմ կարողացել խնդիրը «տեղ հասցնել»: Տղամարդը չթողեց ընկնեմ տանջալից մտքերի մեջ ու սկսեց շնորհակալություն հայտնել, երախտագիտության խոսքեր ասել, այս խոսքերից ես էլ ավելի ամաչեցի` «ախր բան չեմ արել, ես ընդամենն իմ գործն եմ արել», ու պարզվեց, որ նյութին արձագանքել են մի կուսակցության գրասենյակից: Այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ խաբված եմ, իմ նյութին չեն արձագանքել, գրասենյակն էր խորամանկ: Տղայի վիրահատության ծախսերն այդ կուսակցության գրասենյակը, ավելի ճիշտ`կուսակցության ղեկավարը որոշել էր հոգալ: Մի խոսքով, այդ ծնողն ուրախացած շնորհակալություն էր հայտնում, որ «Առավոտի» շնորհիվ իր տղան նոր կյանք կսկսի,կաշխատի, կամուսնանա (սիրած աղջիկ ուներ): Ու քանի որ նյութին արձագանք էր եղել, ու ինչպես ընդունված է «Առավոտում», արձագանքելու մասին էլ գրեցի, գրելու ընթացքում էլ մտքումս արդեն շնորհակալություն էի հայտնում աստծուն: Մի քանի օր հետո այդ կուսակցությունն իմ հավատը խլեց. մեր երկրում «աստվածները» քաղաքական կուսակցության ղեկավարներն են. հաշմանդամ տղայի հայրը նորից եկավ մեր խմբագրություն` ոչ երախտագիտության, ոչ խնդրանքի, այլ` մեղքի զգացումով: «Աղջիկ ջան, ինձ կներես, բայց չէի կարող չգալ ու չխոստովանել»,-ասաց հայրը: Նրա խոստովանությունը շատ վշտացրեց ինձ: Մինչ առաջին անգամ թերթի օգնությանը դիմելը, անզոր ծնողը շատ դռներ էր թակել, գրեթե բոլոր կուսակցության, ու գործարարների գրասենյակներ էր գնացել, բոլորը մերժել էին, եւ միայն մի կուսակցություն էր ընդառաջել նրան, բայց մի պայմանով`ինձ համար շատ նվաստացուցիչ, իսկ հոր համար` միակ հնարավորության:
Գրասենյակում հորն ասել էին`«Կգնաս այսինչ թերթի խմբագրություն, եթե տպեն հոդվածը, ու հետո էլ տպեն, որ մենք քեզ օգնում ենք, վիրահատության փողը կփոխանցենք»:
Կարդացեք նաև
Այս տղամարդու խոստովանության օրն արդեն փոխանցվել էր վիրահատության գումարը: Չեմ կարող նկարագրել, թե այդ պահին ես ինչ աստիճանի խաբված ու օգտագործված զգացի ինձ: Մի որոշ ժամանակ տանջվում էի`ոչ թե աստված էր աղոթքս լսում նյութը գրելիս, այլ` այդ «բարեգործ» կուսակցության «բարեգութ» ղեկավարն «աստծուց առաջ էր ընկել»: Հետո ինքս ինձ մխիթարեցի` «ջհանդամ» թե չհասկանալով PR արեցի կուսակցության «բարեգործ» ղեկավարին, բայց գոնե մի տաղանդավոր երիտասարդ օգտվեց իմ միամտությունից. նրան վիրահատեցին, ձեռքը պրոթեզավորեցին, ու նա հաստատ նոր կյանք սկսեց: Հիմա երեւի ամուսնացած է, երեխաներ էլ ունի:
ՆԵլլի ԲԱԲԱՅԱՆ