Այսօր ‹‹Իրավունք›› պարբերականի կայքում տեղեկատվություն էր հրապարակվել, որում մեղմ ասած ապատեղեկատվություն է մատուցվել: ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր նախարար Արամայիս Գրիգորյանի մոտ աշխատանքային քննարկման ժամանակ միջադեպ է գրանցվել՝ կապված ՀՀ ԲՆ տեղեկատվական վերլուծական ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտակ Գրիգորյանի վարքագծի հետ:
Նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԲՆ կառուցվածքում ընդգրկված ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ` քննարկելու այդ կառույցների գործառույթների կատարման ընթացքը և հեռանկարային ծրագրերը: Տեղեկատվական վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտակ Գրիգորյանը, ով այս պահին նաև համատեղում է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները, չի կարողացել պատասխանել իր ղեկավարած կառույցի աշխատանքների վերաբերյալ նախարարի հարցերին: Ինչը բացատրելի էր, քանի որ փոխտնօրենը, համատեղելով մի քանի աշխատանքներ, կանոնավոր չէր հաճախել աշխատանքի և ի վիճակի չէր պատշաճ ներկայացնելու աշխատանքները, տեղյակ չի եղել իր ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ի խնդիրներից և գործունեությունից, ինչը, անշուշտ, չի գոհացրել նախարարին, ով բազմիցս ընդգծել էր, որ նախարարությունում չաշխատող և ոչ կոմպետենտ մարդիկ տեղ չունեն: Նախարարը դուրս է հրավիրել Գրիգորյանին՝ պահանջելով ՊՈԱԿ-ից հրավիրել իրազեկ աշխատակցի, ով կկարողանար ներկայացնել կառույցի գործունեությունը: Արտակ Գրիգորյանը դեռ նախարարի աշխատասենյակում սպառնացել է, որ ինքը մամուլի միջոցներով տարբեր նյութեր կհրապարակի նախարարի դեմ:
Արտակ Գրիգորյանը նմանատիպ հայտարարությունները շարունակել է անել նախարարի աշխատասենյակից դուրս գալուց հետո, միջանցքում, հայտարարելով՝«Ով ա սա, ես հլը ցույց կտամ, չգիտի ում հետ գործ ունի, գրելու եմ ձեր վրա»:
Տեղին է ավելացնել նաև, որ մի քանի ամիս առաջ Արտակ Գրիգորյանը չէր կարողացել հաղթահարել նույն ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, նույնիսկ այն դեպքում, երբ միակ մասնակիցն է եղել: Իսկ ՊՈԱԿ-ը վերջին շրջանում աչքի էր ընկնում ոչ արդյունավետ և ոչ բավարար աշխատանքով: ՊՈԱԿ-ում իրականացվող գործառույթները հեռու էին կանոնադրական պահանջներից, անբավարար էր աշխատանքային կարգապահությունը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ հիշատակված թիկնապահներին, ապա նշենք, որ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը երբևէ որևէ պաշտոն զբաղեցնելիս թիկնապահներ չի ունեցել:
‹‹Իրավունք›› լրատվականի այս ստահոդ նյութը համարում ենք օրինաչափ, քանի որ Արտակ Գրիգորյանը հանդիսանում է այդ թերթի խմբագիրներից մեկը, և վերոհիշյալ հրապարակման մասին անազնիվ շահարկումներն արդեն իսկ հնչեցրել էր նախարարի աշխատասենյակում:
ՀՀ բնապահպանության նախարարություն