Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իր կնոջը՝ Լուսինե Դավթյանին, դանակի մի քանի հարվածներով սպանած Արսեն Առաքելյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ անցյալ տարի օգոստոսի 6-ին Արսեն Առաքելյանն իր եղբոր բնակարանում դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը` Լուսինե Դավթյանին:
Լուսինե դուստրը՝ Սյուզին, պատմել էր, որ ինքը տեսել է, թե ինչպես է հայրը դանակահարում մորը, եւ հազիվ է հասցրել 5-ամյա եղբոր աչքերը ձեռքով փակել, որպեսզի նա չտեսնի այդ զարհուրելի տեսարանը: Դատավճռի հրապարակումից հետո մեզ հետ զրույցում Սյուզին ասաց, թե «այդ հանցագործության համար 11 տարին քիչ է»: Այնուհետև հակադրվելով հոր՝ Արսեն Առաքելյանի վերջին խոսքում հնչեցրած այն արտահայտությանը, թե իր կնոջ հետ 16 տարի սիրով, հաշտ ու համերաշխ են ապրել՝ Սյուզին ասաց. «Այդպիսի բան չկա, անընդհատ վիճում էին, մամաս մեր խաթր է մնացել իրա հետ, ասում էր, չեմ ուզում իմ ընտանիքը քանդվի: Ամեն ինչից վեճեր էր, ես էլ պաշտպանում էի, ասում էր, եթե ծեծելու լինեմ, քո աչքի առաջ էլ կանեմ, ոչ մի բան չունեմ վախենալու»:
Aravot.am-ի հետ զրույցում այլ Լուսինե Դավթյանի սկեսուրը՝ Սեդան ասաց, թե Սյուզիին իրենց դեմ լարում են ու մանրամասնեց. «Երեխային հրահրում են, երեխան ասում է, թե տեսել եմ, ինչպես է պապաս մամայիս խփել, բայց նման բան չի եղել: Իմ թոռն է, բայց այդ ձևի բաներ սովորեցրել են նրան: Չեն թողում, որ հանդիպենք, հեռախոսին չեն թողնում, որ զանգը վերցնի: Երեխաներին իմ դեմ են հրահրում: Երեխային դաժանություն են սովորեցնում»:
Արսեն Առաքելյանի եղբայրը՝ Արտակ Առաքելյանը ևս մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե Սյուզին չի տեսել, թե ինչպես է նրա հայրը մորը խփում ու ասաց. «Երեխան տեսել է միայն, որ մայրը դուրս է եկել, փորի հատվածում արյուն է եղել և այլն: Նրանց ընտանիքում Լուսինեի մայրը՝ տիկին Մարիետան միշտ էլ խառնվել է նրանց ընտանեկան հարցերին: Բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ նման բան կլինի»:
Կարդացեք նաև
Արտակ Առաքելյանն ասաց, թե դեռ չեն որոշել վճիռը բողոքարկելու են, թե՝ ոչ:
Լուսինե Դավթյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը Aravot.am-ի հարցին՝ արդյոք պատիժը բավարա՞ր է, այսպես պատասխանեց. «Իհարկե, որպես տուժող կողմի ներկայացուցիչ կարծում եմ, որ բավարար չէ: Բայց օրենքի տեսանկյունից բավականին համաչափությունը պահպանվել է: Կարելի էր տասներկու տարի դատապարտել, բայց եթե դատարանը գտել է, որ սա համաչափ է, այս պարագայում ես էլ եմ կարծում, որ համաչափին մոտ է»: Տիկին Սաֆարյանը նշեց, որ նման սպանությունների դեպքերը բավականին հաճախադեպ են հատկապես Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում, համեմատաբար դեմոկրատական են Տավուշի մարզում հարաբերությունները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ