Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիկի դպրոցում տեղի ունեցած միջադեպը հասել է Վերաքննիչ դատարան

Մայիս 30,2014 19:42

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի կրթահամալիրի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և նույն դպրոցի աշակերտներ Մեսրոպ Գրիգորյանի, Արկադի Պողոսյանի և Աբրահամ Շահինյանի միջև նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատաքննության ընթացքում բազմաթիվ խախտումներ ու բացթողումներ է նկատել անչափահաս աշակերտների փաստաբան Ալիկ Ստեփանյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուշադրություն հրավիրեց դրանցից մի քանիսի վրա. «Դատարանի դահլիճից երեխաները կալանքի վերցվեցին: Իսկ թե ինչու որպես խափանման միջոց կալանավորումը կիրառվեց, չի պատճառաբանվում, մինչդեռ, կալանավորումը  անչափահասի նկատմամբ ընտրվում է միայն այն դեպքում, երբ հասարակության անվտանգությունն ապահովելու ուրիշ հնարավորություն չկա»,- ասում է փաստաբանը:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով,  դպրոցի աշակերտներ Մեսրոպ Գրիգորյանը, Արկադի Պողոսյանը և Աբրահամ Շահինյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և դատապարտվել են համապատասխանաբար՝ մեկ տարի և 6-ական ամիս ազատազրկման:

Սակայն Ա. Ստեփանյանն այսօր ասաց, որ արդեն դիմել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը և արդարացնել տղաներին:

Վերադառնալով իր նկատած խախտումներին՝ փաստաբանն ասաց, որ իր երեք պաշտպանյալներին էլ նախաքննության ժամանակ առաջադրվել են տառացիորեն նույնաբովանդակ մեղադրանքներ, որոնք, նրա պնդմամբ, ոչ կոնկրետ են ու վերացական:

«Բացի այդ, բոլոր ցուցմունքներն իրար հակասում են,- վստահեցնում է փաստաբանը,- տուժողի ցուցմունքներն էլ են իրար հակասում, վկաներինն էլ: Իսկ դատարանն իր դատավճռի հիմքում դրել է նախաքննության ընթացքում կազմված 11 տարեկան երեխաների հարցաքննությունների արձանագրությունները՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ այդ ապացույցները ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ: Այդ անչափահաս երեխաների հարցաքննության ընթացքում չի ապահովվել մանկավարժի ներկայությունը, հաշվի չի առնվել անչափահասների` օրինական ներկայացուցիչ ունենալու իրավունքը և այլն»:

Ա. Ստեփանյանը խոսեց նաև այս միջադեպի հեռուստատեսային անդրադարձների մասին. «Հեռուստաեթերից ավելի հաճախ հուզական արտահայտություններ են հնչում, քան փաստեր, մինչդեռ, բուն փաստերն ավելի խոսուն են: Ես ճիշտ չեմ համարում մարդկանց զգացմունքների վրա խաղալու փորձերը, «երեխաները շատ դաժան ծեծի են ենթարկել ուսուցչին» նախադասության չարաշահումը: Մինչդեռ, իմ պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրված խուլիգանության հատկանիշներով և ոչ թե ծեծի»,- ընդգծեց նա:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031