Ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտված ամենաերկար փաստաթուղթը դատատեխնիկական փորձաքննության եզրակացության արձանագրությունն էր: Տաս էջից ավելի էր այն, եւ վերաբերում էր տուժող Արթուր Հակոբյանի վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի եւ Վարդան Պետրոսյանի վարած BMV մեքենաների տեխնիկական վիճակին:
Արձանագրությունը խրթին էր, հեղեղված այնպիսի բառակապակցություններով, որից գլուխ հանելն իսկապես դժվար էր` մասնագետ չլինելու դեպքում: «Ցայտապահպանիչների վնասվածքների մակերեւույթ», «գաբարիտային լամպ», «շարժաբերական», «տեղախախտվածություն», այս կարգի բառերը մի նախադասության մեջ բազմաթիվ անգամ կրկնվում էին: Մի բան պարզ դարձավ, որ Վարդան Պետրոսյանի մեքենան արգելակման առումով գտնվում է անսարք վիճակում, սակայն կառավարելիության առումով որեւէ բան չի հայտնաբերվել:
«Նիվայի» դեպքում դարձյալ անսարքություններ էին հայտնաբերվել, միայն այս անգամ փորձագետներն արձանագրել էին, թե վթարային վիճակը հնարավոր է պայմանավորված լիներ վթարի հետ:
Ապացույցների հետազոտման փուլում դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց նաեւ տրանսպորտային միջոցի զննության արձանագրությունը: Ի դեպ, երկու անգամ նշվեց Դավիթ Գրիգորյան անուն-ազգանունը, որին պատկանել է զննության արձանագրությամբ նշված մարդատարը: Հասցված վնասի չափի համար պահանջվում էր յուրաքանչյուր տուժողի համար երեք միլիոն երեք հարյուր հազարական դրամ գումար, նշյալ մեքենան ապահովագրված է եղել, եւ գումարը կազմել է տաս միլիոն դրամ:
Կարդացեք նաև
Հրապարկվեցին տուժող Տաթեւիկ Հակոբյանի վերակենդանացման բաժնում գտնվելու ժամանակ արձանագրվածը . նրա վիճակը գնահատվել է ծանր, տուժող Հայկ Հակոբյանը հիվանդանոց էր ընդունվել սալջարդով, թոքերի, ողնաշարի վնասվածքով, Վարդան Պետրոսյանի բժշկական տեղեկանքում գրված էր, որ նա վիրահատվել է եւ չի կարող ցուցմունք տալ: Երբ դատավորը հրապարակեց դեպքից երեք օր հետո քննիչի կայացրած «Դիմել պատկան մարմնին ստանալ Վարդան Պետրոսյանի արյան, մազի նմուշները» որոշումը, տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանի ուշադրությունը հրավիրելով հարց տվեց. «Ինչո՞ւ երեք օր անց: Քննիչը երեք օր անց է նման որոշում տվել, որպեսզի չապացուցվի, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլային վիճակում»: Դատավորն հարցի կապակցությամբ ասաց, որ ինքը չի կարող քննիչի փոխարեն պատասխանել:
«Քննիչային» թեմայով մեկ այլ հարց էլ ծագեց այն ժամանակ, երբ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դեպքի վայրի սխեման էր ներկայացնում, մեծացրած տարբերակով: Դատավորը, երբ հարցրեց. «Ով է նկարել», պաշտպան Ն.Բաղդասարյանը անխռով պատասխանեց. «Նկարել է քննիչը»:
Առգրավված ապացույցների մեջ նշվեց երեսունմեկ էջից բաղկացած Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմությունը: Ռուբեն Բալոյանը միջնորդեց հրապարակել Վ.Պետրոսյանի հիվանդության քարտը: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց , որ հիվանդության պատմության մեջ բացակայում է դատաբժշկի ստորագրությունը: Ըստ հրապարկվածի, փայծաղի, լյարդի, որովայնի պատռվածքներով հիվանդանոց տեղափոխված Վ.Պետրոսյանը «գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ», սակայն առկա է եղել երկու հարցական նշան: Նիկոլայ Բաղդասարյանը տարակուսանք հայտնեց , որ Արթուր Հակոբյանի եւ Վարդան Պետրոսյանի համար տրվել է նույն պատասխանը, որ նրանք գտնվել են սթափ վիճակում, սակայն Բալոյանը դեռ կասկածում է: Իսկ բժիշկ Էդուարդ Ասատրյանն էլ հետագայում պաշտպանի գրավոր հարցմանը պատասխանել էր, որ չի կարող պատասխանել , թե Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործել է դեպքի օրը, թե ոչ, սակայն չէր բացառել նրա վերքերն ու երակը սպիրտով մշակված լինելու տարբերակը:
Հարցականների հետ կապված էլ բժիշկն պնդել էր, որ դրանք դրվել է իր կողմից: Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ա.Սարգսյանն էլ ասաց, որ բժիշկը հարցաքննվել է, եւ տվել է նույն բովանդակության ցուցմունք:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ