Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հյուրընկալել էր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հիմնական դրույթները։ Գագիկ Հարությունյանը, մասնավորապես, խոսել է մարդու իրավունքների և դատական իշխանությանը վերաբերող առաջարկվող փոփոխությունների մասին։
Ելույթ է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, նշելով, որ առաջին անգամ է մասնակցում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկմանը մասնագիտական խմբերում, և կարևորել է այդ քննարկմանը մասնակցել փաստաբանների հետ։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է, որ հայեցակարգով առաջարկվող կառավարման ձևի փոփոխությունը, որոշ առումով խոչընդոտելու է մարդու իրավունքներին առնչվող բարեփոխումների շուրջ առողջ մասնագիտական քննարկումներին, քանի որ հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ մարդու իրավունքների բարեփոխումները երկրորդական նշանակություն ունեն։
Գագիկ Հարությունյանը և Գևորգ Կոստանյանը պատասխանել են փաստաբաններին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում առնչվել են երկաստիճան դատական համակարգի և երդվյալների ինստիտուտի ներդրմանը:
Կարդացեք նաև
Այս առումով Գևորգ Կոստանյանը հայտնել է, որ «Իրավիճակը բերում է այնպիսի հանգուցալուծումների, որ մենք ստիպված ենք կատարել համակարգային փոփոխություններ, որպեսզի դրանք հանգեցնեն գործնական իրավունքի կատարելագործմանը և ոչ թե այնպիսի համակարգ, որը չի հանգեցնում իրավունքի զարգացմանը և իրավունքի սկզբունքի երաշխավորմանը: Եվ այս տեսակետից ես խորը համոզմունք ունեմ, որ հատկապես փաստաբանական կորպուսի հետ հանդիպումներին հատուկ ես անպայման մասնակցեմ: Ինչո՞ւ, որովհետև մասնագիտական հարթության մեջ քննարկումները շատ ավելի արդյունավետ են իմ և բոլորի համար: Եվ ձեր հետ քննարկումների արդյունքում իմ մոտեցումները կարող եմ ձևավորել՚:
Անդրադառնալով դատական իշխանության կառուցվածքի և գործառույթների ոլորտին’ Գևորգ Կոստանյանը նշել է, որ ընթացիկ Սահմանադրությամբ, նշված են դատարանների հայեցողության սահմանները, բայց հայաստանյան իրականության մեջ այդ հայեցողության սահմաններն էլ անսահման են, անորոշ և ոչ հստակ, որոնք հստակեցման կարիք ունեն:
Սահմանադրական դատարանի նախագահի խոսքով,- սահմանադրական զարգացումը պետք չէ դիտարկել իրավիճակային և քաղաքական երևույթ: Այն հասարակությունների զարգացման խթանիչը պետք է համարել»:
Նա նաև նշել է, որ շատ է կարևորում փաստաբանների դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քանի որ «ինձ համար սկզբունք և համոզմունք է, որ առանց փաստաբանական ինստիտուտի լիարժեք կայացման արդարադատական համակարգը երբեք չի կարելի կայացած համարել»:
Մասնակիցները ամփոփելով քննարկման արդյունքները՝ փաստել են, որ նման հանդիպումները պետք է առավել հաճախ կազմակերպել տարբեր շրջանակներում և միասնական դիրքորոշում հայտնել սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգին:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ