Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

11 տարի ազատազրկում՝ կնոջը դանակի հարվածներով սպանած Արսեն Առաքելյանին

Մայիս 30,2014 19:07

Այսօր Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ամուսնու կողմից հասցված դանակի հարվածներից մահացած Լուսինե Դավթյանի սպանության գործով դատական քննությունը (նախագահող դատավոր՝ Վահե Խալաթյան): DSC01813 Հիշեցնենք, որ անցյալ տարի օգոստոսի 6-ին Արսեն Առաքելյանն իր եղբոր բնակարանում դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը` Լուսինե Դավթյանին: Արսեն Առաքելյանին սպառնում է 8-15 տարի ազատազրկում, նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ` «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 1-ին մասով: Դատարանի դահլիճում Արսենի պաշտպանն իր պաշտպանական ճառում նշեց «տուժող կողմից ամբաստանյալի հոգեկան վիճակը՝ որպես պատժիչ միջոց օգտագործելու հանգամանքը», թե «Արսեն Առաքելյանն այժմ էլ զղջում է կատարած հանցագործության մասին, ընդունում է իր մեղքը և պատրաստվում կրել պատիժը»: Հետո էլ ասաց, որ «տասնվեց տարվա կողակցին դանակով հարվածելու վճռականությունը հենց այնպես չի լինում»: Ինչպես արդեն տեղեկացրել ենք , Լուսինեի դուստրը՝ Սյուզին, պատմել էր, որ ինքը տեսել է, թե ինչպես է հայրը դանակահարում մորը, եւ հազիվ է հասցրել 5-ամյա եղբոր աչքերը ձեռքով փակել, որպեսզի նա չտեսնի այդ զարհուրելի տեսարանը: Արսեն Առաքելյանի պաշտպանն անընդունելի համարեց այն, որ հիմնվում են Սյուզիի տված վկայության վրա ու հորդորեց «ամեն անգամ խոցել երեխաների՝ առանց այդ էլ չփակված վերքերը»: Պաշտպանը միջնորդեց դատարանին հնարավորինս մեղմ պատիժ ներկայացնել ամբաստանյալին»: Արսեն Առաքելյանն իր ճառում հիշեց Սևակին՝ նշելով, թե «ցավն է հաճախ առաջ մղում անփորձ մարդուն»: Վստահեցրեց, որ կնոջ հետ նախանձելի զույգ են եղել, ապրել են սիրով: Նա անընդհատ անդրադառնում էր տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին, ինչին միջամտեց Սեդա Սաֆարյանը, ու դատավորը մի քանի անգամ կոչ արեց չանդրադառնալ Սեդա Սաֆարյանին: Արսեն Առաքելյանն իր վերջին խոսքում նույնիսկ լաց լինելով ցանկություն հայտնեց, որ պատիժը կրելուց հետո իր ու կնոջը ծնողները, հաշվի առնելով իր զավակների կյանքն ու հետագա ճակատագիրը, հաշտության եզրեր գտնեն: Aravot.am-ը, մինչ դատարանը կհրապարակեր վճիռը Լուսինե Դավթյանի հորից՝ Ռուբեն Դավթյանից հետաքրքրվեց՝ կհաշտվե՞ն, պարոն Դավթյանը պատասխանեց. «Նախ մենք չենք կռվել, հետո նա ուզում է հաշտություն երեխաների համար, բայց երեխաներն իրենք չեն ցանկանում այն տատի ու պապի հետ շփվել»: Մեր հարցերին հրաժարվեց պատասխանել Լուսինե Դավթյանի սկեսուրը՝ Սեդան: Այնուհետև հրապարակվեց վճիռը. 11 տարի ազատազրկում Արսեն Առաքելյանին՝ «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 1-ին մասով, 1 միլիոն 500 հազար դրամ տուգանք՝ Լուսինե Դավթյանի հուղարկավորության ծախսերը բավարարելու համար: Լուսինեի հորից՝ Ռուբեն Դավթյանից ու դուստր Սյուզիից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ վճիռը բավարարե՞ց իրենց, հայրը պատասխանեց. «Պետք է 12-13 տարի դատապարտեին», Սյուզին պատասխանեց. «Նման հանցագործությունների համար 11 տարին շատ քիչ է»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031