Այսօր Երեւանի ավագանու նիստին ավագանու անդամներ Ստյոպա Սաֆարյանն ու Լեւոն Իգիթյանն իրար «կծմծեցին»: Նիստի օրակարգում ներառված էր խորհրդային տարիների պատմաբան Մկրտիչ Ներսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման հարցը: Այս առնչությամբ ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ Ներսիսյանն ուղղակի հասարակագետ է եղել, եւ վերջերս շատ զարմանալի զուգադիպությամբ սկսել ենք Խորհրդային շրջանի բոլոր տեսակի գործիչներին, այդ թվում հասարակագետներին մեծարել:
Ապա` պարոն Սաֆարյանը Ներսիսյանի կենսագրությունից մի հատված կարդաց.«Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի հայկական հանձնաժողովի տնօրենի տեղակալ, հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս, քարտուղար: Այնպիսի մի գիտություն չէ, որ այսօր կենդանի լիներ»:
Պարոն Սաֆարյանը հարց բարձրացրեց, թե արդյոք արժե պատվել ու սերունդներին հիշեցնել, կոմունիստական շրջանի այնպիսի մտածողներին, որոնք հենց այդ շրջանի քաղաքական միտքն են արտացոլել:
Ավագանու որոշ անդամներ սկսեցին Ներսիսյանին ներկայացնել, որպես մեծ մտածողի եւ պատմաբանի, որ նա պարգեւատրվել է նաեւ Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ, ապա նշեցին, որ Մարքսի «Կապիտալն» այսօր Եվրոպայում ամենաշատ վերահրատարակվող գրքերից է եւ այլն:
Կարդացեք նաև
Եթե ավագանու որոշ անդամներ գոնե հիմնավորում էին թե ինչու արժե Ներսիսյանի համար հուշատախտակ տեղադրել, ապա նիստին ներկա ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը տեղից ռեպլիկ թողեց. «Ստյոպիկին խորհուրդ եմ տալիս սեփական կենսագրության մասին մտածի»: «Դու ավելի լավ ա Լեւոնիկի մասին մտածի»,-Իգիթյանին հակադարձեց Սաֆարյանը: «Դե ձենդ կտրի»,-ասաց Լեւոն Իգիթյանը:
Երեւանի ավագանին ձայների մեծամասնությամբ որոշեց Մկրտիչ Ներսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը տեղադրել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ