Լրահոս
Օրվա լրահոսը

«Նազարբաեւը պանթուրքիստական գաղափարախոսության առաջնորդներից մեկն է»

Մայիս 30,2014 18:06

«Այդ հայտարարությունը սպասելի էր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ՝ մայիսի 29-ին, , Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ բերած պայմանին , հայտարարեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց, որ առաջին անգամը չէ, որ Նազարբաեւը այդ մասին խոսել է եւ պետք է իմանալ, որ Նազարբաեւը պանթուրքիստական գաղափարախոսության առաջնորդներից մեկն է, եւ ինքն էլ չի թաքցնում դա.

«Ինչը նա երեկ ասաց, նա մեր նախագահին չէր ասել՝ ինքը դա ասել է Ալիեւին, այսինքն՝ Ալիեւը, որ երեկ դիմել է նախագահին՝ Լուկաշենկոյին, Պուտինին, մեկը պետք է պատասխաներ: Պատասխանը Նազարբաեւը իր վրա է վերցրել 2 պատճառով՝ առաջինը այն, որ ինքը տան տերն է (Աստանայում է այդ հանդիպումը տեղի ունեցել), երկրորդը՝ ինքն Ալիեւի հետ նույն կազմակերպություններում է: Ինքը պատասխանել է նրան, այսինքն՝ «ես քո ասածն արել եմ, ի՞նչ կլինի հետո, ես ծուղրուղուն կանչել եմ, լույսը կբացվի՞, թե՞ ոչ, դա արդեն իմ գործը չէ»:

Պարոն Մելիք-Շահնազարյանը համարում է, որ Նազարբաեւը Ալիեւի հանդեպ արհամարհանք ցույց տվեց, ասելով՝ հարեւանությամբ մի քանիսը գրգռվում են: Նա համարում է, որ այս խոսքը եթե շարունակություն ունենա, ապա դա Հայաստանի խնդիրը չի լինելու. «Այդ խնդիրը թո՛ղ Պուտինը Նազարբաեւի հետ լուծի, որովհետեւ մենք՝ մեր ժողովուրդը եւ հուսով եմ, նաեւ մեր կառավարությունը, այնքան էլ անճար չենք, այսինքն՝ մենք ուրիշ ելք ունենք, թո՛ղ մտածեն նրանք, ում մենք պետք ենք: Նրանք նույնպես մեզ պետք են, դեմ չեմ, բայց մեր կարեւորությունը մենք գիտենք եւ մեր կարեւորությունը ոչ միայն Արեւելքի, այլեւ Արեւմուտքի համար գիտենք»:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի լռությունը, Լեւոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ նախագահի համար դա անսպասելի էր.
«Նման բանը, սովորաբար, տեսախցիկների առաջ չեն ասում, երբ տեսախցիկները գնում են, նոր են նման զրույցներն անում, բայց քանի որ Նազարբաեւը Իլհամ Ալիեւին է ասել այդ բառերը, Նազարբաեւը նախընտրել է տեսախցիկների ներկայությամբ ասել, որոնք դիվանագիտական էտյուդներից դուրս են»:

Անդրադառնալով Նազարբաեւի առաջարկությանը՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, պարոն Մելիք-Շահնազարյանը համարում է, որ նախադասության մեջ թյուրիմացություն կա. «ՄԱԿ-ը պետության սահմաններ չի գծում, ՄԱԿ-ը պետության սահմաններ չի հաստատում եւ ՄԱԿ-ը, երբ ընդունում է պետությանը, ինքը չի նայում՝ այս գյուղով է գնում, թե այս սարով է անցնում սահմանը, ընդունում է ընդհանուր պետությունը: Ցանկացած պետություն իրավունք ունի իր մաքսային սահմանները գծելու, Հայաստանը իրավունք ունի իր մի ստվար հատվածը մաքսային սահմանից դուրս հանի եւ ստեղծի ազատ գոտի, եթե հարեւան պետությունը թույլ է տալիս դա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031