Այսօր «Երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Վանաձորի համախմբի համար (Վանաձոր, Արջուտ, Դարպաս, Լեռնապատ, Բազում, Գուգարք, Փամբակ, Շահումյան, Մարգահովիտ, Ֆիոլետովո, Լերմոնտովո համայնքներ) Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի սրճարան աշխատաժողով էր կազմակերպել:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով՝ Տեղական տնտեսական զարգացման մոդելի ստեղծման բաղադրիչը, որն իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, լայն հնարավորություն կընձեռի շահառու համայնքներին նպատակաուղղված վարել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ուղղությունները:
«Այն նաեւ կօգնի ծրագրի հաջորդ`ձեռներեցության դասընթացների բաղադրիչի առավել արդյունավետ իրականացմանը` դրա միջոցով կանանց ներուժը ծառայեցնելով համայնքների տնտեսական զարգացմանը` հենվելով նախապես մշակված տեղական տնտեսական զարգացման մոդելների վրա»,-Նշեց Լիլիթ Ասատրյանը:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն` ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն իրականանում է բացառապես Լոռու մարզում եւ սկսվել է նախորդ տարվա մայիս ամսից, տեւողությունը երեք տարի է, ֆինանսական աջակցությունը տրամադրում է Եվրամիությունը: Ծրագրի գործընկերներն են Լոռու մարզպետարանը, Վանաձորի քաղաքապետարանը, ինչպես նաեւ CISP իտալական կազմակերպությունը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ