Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «ՀՀ-ն չի անելու մի քայլ, որը կվնասի Արցախի Հանրապետությանը»

Մայիս 30,2014 16:41

«Թե Մաքսային միությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը սահմանների հարց չեն լուծում, և չեն էլ կարող լուծել, քանի որ նման լիազորություն չունեն, ուստի սահմանների մասին խոսելը և դա կապելը Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության հետ, ավելորդ է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով երեկ Աստանայում զարգացած իրադարձություններին:

Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է. «Բոլորիս պարզ է, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք են, և այդպես էլ կլինեն, սա անհերքելի է»:
Էդուարդ Շարմազանովի խոսքով, ոչ Մաքսային միությունը, ոչ Եվրասիական տնտեսական միությունն այն կազմակերպությունները չեն, «որոնք ճշգրտելու կամ քննարկելու են սահմանների հարցը»:

Նա այլևս փաստ է համարում, որ ՀՀ-ն և ԵՏՄ երեք հիմնադիր երկրները եկել են համաձայնության՝ մինչև հունիսի վերջն այդ միությանը ՀՀ-ի անդամակցության մասով եւ «մնացել են մի քանի տեխնիկական բնույթի հարցեր, որոնք սահմանի հետ կապ չունեն», այլ առնչվում են ներմուծման ու արտահանման խնդիրների հետ:

Շարմազանովը նկատեց նաեւ, որ այս միություններից և ոչ մեկին Հայաստանը չի անդամակցում Ղարաբաղի հարցը լուծելու համար. «Ինչպես չենք անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար: Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, և այս խնդրի ու սահմանների ճշգրտման հարցի կապումը միության անդամակցության հետ, իրականության հետ որևէ կապ չունեն»:

ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ Հայաստանում կա կայացած հասարակություն, քաղաքական դաշտ, մամուլ ու ժամանակն է, որ տարբերեն բանակցային գործընթացը հրապարակային ուղերձներից, և հասկանան՝ ինչո՞ւ և ո՞ւմ համար են արվում այդ ուղերձները: «Ես խնդրում եմ ձեզ, որ աժիոտաժ չսարքենք այս հայտարարությունը, հաստատ դա ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ մեր հասարակությանը, ոչ մեր պետությանն օգուտ չի բերելու, և կարիք չկա այս հարցից մի մեծ փուչիկ փչել ու ուռեցնել: ՀՀ-ն չի անելու մի քայլ, որը կվնասի Արցախի Հանրապետությանը, ՀՀ-ն համարվել և համարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031