Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահ. «Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ մաքսային սահման չի կարող լինել»

Մայիս 30,2014 16:25

«Առավոտի» խնդրանքով այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մեկնաբանեց երեկ Աստանայում Եվրասիական տնտեսական միության ձեւավորման առիթով մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի բարձրաձայն ընթերցումը:

Ըստ ԱԺ նախագահի՝ պետք է տարբերակել դիվանագիտական բաց, հրապարակային հայտարարությունները՝ արված որոշակի նպատակներով, բուն բանակցություններից: Նա կարծում է, որ Նազարբաեւը ընդամենը իր ադրբեջանցի գործընկերոջ հանդեպ նպատակաուղղված վերաբերմունքի դրսեւորում ցուցադրեց:

Ինչ վերաբերում է կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հարցին, ապա Գալուստ Սահակյանը շեշտեց, որ Եվրասիական տնտեսական միությունը սահմանային հարցեր չի լուծում. «Բնականաբար, Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի հետ մեկ մաքսային եւ տնտեսական տարածքում, եւ ուզում եմ շեշտել, որ Եվրասիական տնտեսական միության օրակարգում սահմանների հարց չկա: Լեռնային Ղարաբաղի հարցը մեր երկրի ամենակարեւորագույն հարցն է»:

ԱԺ նախագահը գտնում է, որ Նազարբաեւի հայտարարությունը նեղ կուսակցական շահերից ելնելով մամուլում շահարկելը եւ աժիոտաժ առաջացնելը չի բխում Հայաստանի շահերից եւ պետք է հասկանալ, որ Եվրասիական միության համար Հայաստանի անդամակցությունը անհրաժեշտություն է, Հայաստանի համար էլ շահեկան է այդ միության անդամ դառնալը: «Ուզում եմ ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությունը փոխշահավետ համագործակցության վրա է հիմնված: Մինչեւ հուլիսի 1- ը մենք կստորագրենք Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, մնացել է ճշգրտման մեկ-երկու հարց, որ որեւէ կապ չունեն սահմանների հետ, ներկրմանն-արտահանմանն առնչվող հարցեր են, որոնք քննարկվում են: Դրանից հետո արդեն Ազգային ժողովը կսկսի այդ ուղղությամբ աշխատել, արդեն 200-ի չափ օրինագծեր կան պատրաստ»:
«Առավոտի» հարցին՝ եթե այնուամենայնիվ պարտադրվի մտնել Եվրասիական միություն՝ մաքսակետ դնելով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, ի՞նչ կլինի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նորանկախ Հայաստանի քաղաքական օրակարգի ամենակարեւորագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ մաքսային սահման չի կարող լինել:  Նման կանխատեսում անելը անգամ անթույլատրելի է եւ շատ վտանգավոր է: Պարզ է, որ կլինեն շահարկումներ՝ նեղ կուսակցական շահերից ելնելով, բայց ես կոչ կանեմ մամուլին այդ շահարկումները չտարածել, որովհետեւ դա մեր պետության, ազգային շահերից չի բխում: Կարծում եմ, կարիք չկա նման մի հայտարարությունը այդչափ կարեւորել: Եվ նորից եմ հիշեցնում, որ Եվրասիական տնտեսական միությունը որեւէ սահմանային խնդիր լուծելու գործառույթներ չունի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031