Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանը՝ որոշ մտավորականների մասին. «Ժամանակին աթեիզմ էին քարոզում ու ամաչում եկեղեցի գնալ»

Մայիս 30,2014 16:20

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

Aravot.am-ի հետ զրույցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը որակեց իբրեւ միջնադարյան մոտեցում կրթությանը, դպրոցին ու մանկավարժությանը «Անկախ ՄԱԿ-ի առաջարկից՝ ես ուզում եմ հարցը այլ տեսանկյունից դիտարկել: Առաջին՝ ընդհանրապես կողմ եմ, որ երեխաները մեծանան ու կրթվեն առանց որեւէ կրոնական դաստիարակության, քանի որ ուսումնասիրությունները փաստում են, որ ի վերջո «Հայոց եկեղեցու պատմությունը», որպես այդպիսին, ոչ թե հայ եկեղեցու պատմություն է, այլ կրոնական քարոզչություն, ինչն անթույլատրելի է եւ կոպիտ սխալ աշխարհիկ պետությունում:Երկրորդ, հայ եկեղեցու պատմությունը կարող է ներառվել հայ ժողովրդի պատմության մեջ, եւ ուսուցանվել իբրեւ հայ ժողովրդի պատմության մի հատված, թե հայերը ո՞ր ժամանակից են կրոն ունեցել, Հայ առաքելական եկեղեցին երբ է ծագել եւ այլն: Երրորդ, կարծում եմ՝ ընդհանրապես ավագ դպրոցում երեխաները կարող են անցնել կրոնների պատմություն, բայց դա երբեք չպետք է ունենա քարոզչական բնույթ: Անթույլատրելի է երեխաներին պարտադրել որեւէ կրոն, դա կարող է երեխայի հոգին խեղաթյուրել եւ նրան դարձնել անհանդուրժող մյուս կրոնների կամ ուղղությունների հանդեպ, էլ չեմ ասում այն մասին, որ դասարաններում կարող են լինել ե՛ւ աթեիստների, ե՛ւ այլ հավատի ներկայացուցիչների երեխաներ»,-ասաց պարոն Իշխանյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը հայ մտավորականների տեսակետներին էլ անդրադարձավ: Նրա խոսքով. «Թե ինչ են ասում մեր տարբեր մտավորականներ, դա խնդրի այլ կողմն է, որովհետեւ այսօր մոդայիկ է դարձել առաքելական եկեղեցու մասին խոսելը, ինչպես ժամանակին մոդայիկ էր, որ այդ նույն մարդիկ սովետական տարիներին աթեիզմ էին քարոզում եւ անհարմար զգում եկեղեցի գնալ: Մեր մտավորականության հիվանդությունն է իշխանության կողմը լինել, հայրենասիրություն խաղալ՝ առաքելական եկեղեցին որպես վահան օգտագործելով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031