Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է մտնի Եվրասիական միություն՝ առանց Ղարաբաղի». Ալեքսանդր Մանասյան. (Տեսանյութ)

Մայիս 30,2014 16:12

«Եթե կոնկրետ ես լինեի Սերժ Սարգսյանի տեղը, ես Նազարբաեւին կասեի՝ Ալիեւն ինչո՞ւ է անհանգստանում, Ղարաբաղի հարցn իր ընթացքի մեջ է»,- քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը մայիսի 30-ին Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստն ու Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ քաշած պայմանը, որ Հայաստանը Եվրասիական միությանը պետք է միանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Քաղաքագետը գտնում է, որ Սերժ Սարգսյանը պետք է համաձայնի այդ պայմանին. «Այն սպասումները, որ մենք Եվրասիական միություն մտնելով կամ Եվրոպա մտնելով՝ դրանով լուծելու ենք ղարաբաղյան հարց՝ միամտություն է: Դիվանագիտական աշխարհը եւ քաղաքական աշխարհը դա չի ընդունի: Եթե նույնիսկ մեր մեծերը, մեր առաջին դեմքերն ունեցել են այդպիսի հույսեր, ապա ես պետք է ասեմ, որ դա միամիտ բան է: Կա ղարաբաղյան հիմնախնդիր, որը քննարկվում է Մինսկի խմբի հովանու տակ, որտեղ ե՛ւ ՌԴ-ն է, ե՛ւ ԱՄՆ-ն է, ե՛ւ Եվրոպան է ներկայացված՝ ի դեմս Ֆրանսիայի: Այդ հզորների միջնորդներից ոչ մեկը մյուսին հակառակ քայլ չի արել արդեն մոտ 20 տարի է:

Հայաստանն ունի ճանաչված սահմաններ, եւ այս կամ այն ռազմաքաղաքական կամ տնտեսական միության մեջ մտնելը նշանակում է իր սահմաններով մտնելը՝ միջազգային իրավունքի եւ դիվանագիտության տեսակետից: Հայաստանը չունի ղարաբաղյան հարց, որքան էլ տարօրինակ հնչի այս արտահայտությունը: Այդպիսի խնդիր ունի Ադրբեջանը: Մարդիկ սխալ են կարծում, որ Հայաստանն ունի Ղարաբաղի հարց: Ղարաբաղը հռչակել է իրեն որպես անկախ պետություն: Հայաստանը, ճիշտ է, չի ճանաչել այդ անկախությունը, բայց ինքն իր սահմաններով է ամեն տեղ ներկայանում: Մեր քաղաքական գործիչներից ոմանք միամիտ եւ ռոմանտիկ հույսեր են կապել այն բանի հետ, թե Եվրասիական միություն մուտքը կլուծի ղարաբաղյան խնդիրը: Այդպիսի բան չի կարող լինել ուղղակի»:
Ըստ քաղաքագետի, պետք է նայել քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական իմաստով ո՞րն է ձեռնտու՝ մտնե՞լ Եվրասիական միություն, թե՞ չմտնել. «Մեր աշխարհագրական դիրքի շնորհիվ մենք հասել ենք այն բանին, որ ոչ Եվրոպան է փակել իր դռները, ոչ Մաքսային միությունը: Մենք գտնվում ենք երկու խոշոր ռազմաքաղաքական ուժերի հանդիպման կետում՝ խաչմերուկում: Մեզ համար շատ ձեռնտու է այդ խաչմերուկի դերակատարությունը ստանձնելը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, դա իր ձեւաչափով հայտնի է միջազգային հանրությանը: Մեր խնդիրն է հզորանալ եւ հզորացնել Ղարաբաղը: Ո՞վ է խանգարում տնտեսապես ինտեգրել Ղարաբաղը իր հետ՝ ոչ ոք: Բացահայտ ձեւակերպումները, թե մենք Ղարաբաղով կմտնենք, դա միամտություն է: Մտիր ԵՄ կամ Եվրասիական միություն եւ Ղարաբաղը տար քեզ հետ՝ ինտեգրված ձեւով»:
Մենք ճշտեցինք, այսինքն, Սերժ Սարգսյանի առաջ, որ ժամկետ են դրել մինչեւ հունիսի 15-ը, նա պետք է հանգիստ ասի՝ համաձայն ենք մտնել Եվրասիական միություն՝ առանց Ղարաբաղի՞՝ պարոն Մանասյանը պատասխանեց. «Այո, բա դուք կարծում էիք ի՞նչ է, Եվրասիական միություն մտնելով՝ ՄԱԿ-ի պետությունները բոլորը համաձայնվելու էին Ղարաբաղը տալ Հայաստանի՞ն, այդպես չի լինի: Եթե ճիշտ չենք հասկանում ռուսին, բելառուսին, ղազախներին, ապա մենք ճիշտ չենք հասկանում դիվանագիտությունը»:
Մեր հարցին՝ Հայաստանը չէ՞ր կարող ասել՝ այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը չի մտնում Եվրասիական միություն՝ առանց Ղրիմի, այդ պայմանը չէ՞ր կարող դնել կամ որեւէ արձագանք աներ՝ պարոն Մանասյանը պատասխանեց. «Եվրասիական միությունը հիմնում են Բելառուսը, ՌԴ-ն եւ Ղազախստանը: Այդ հարցը պետք է այս երեքը դնեին: Հիմա ոչ Բելառուսը, որը շահագրգռված է Եվրասիական միություն հիմնելու գաղափարով, ոչ էլ Ղազախստանը չեն ասել»:

Մեր հարցին՝ Հայաստանը կցորդի կարգավիճակո՞ւմ է անդամակցելու այդ միությանը, չէ՞ր կարող որեւէ բան ասել այդ մասին, ձայնազո՞ւրկ ենք մենք՝ քաղաքագետը պատասխանեց. «Մենք Եվրասիական միության լիարժեք անդամ ենք լինելու: Ձեզ ոչ ոք չի արգելում այլ շրջանցող մեթոդներով Ղարաբաղը ներգրավել: Մշակեք ձեւեր, որով Ղարաբաղը կլինի»:
Մեր դիտարկմանը, որ եթե Հայաստանը մտնի Եվրասիական միություն՝ առանց Ղարաբաղի՝ դա լուրջ շահարկումների տեղիք կտա՝ պարոն Մանասյանը վստահեցրեց, որ դա մեր ռոմանտիզմի մասին է խոսում եւ ժողովրդական բանահյուսության վրա գտնվող դիվանագիտության, որի կրողներն են նաեւ լուրջ քաղաքագետները:

Մեր հարցին՝ Նազարբաեւի այդ պայմանը մեր առջեւ ապտակ չէ՞ր Հայաստանին՝ նա պատասխանեց. «Ոչ: Ապտակ կլիներ, եթե մերոնք նեղացած լինեին եւ խռովեին այնտեղ: Ճիշտ էր լուռ, զուսպ լինելը: Մարդիկ չգիտե՞ն, որ այդտեղ մտնելով՝ Ղարաբաղի խնդիր չես լուծի: Ոչ ՌԴ-ն, ոչ Ղազախստանը, ոչ ոք չի գնա դրան: Ղարաբաղյան հարցը մնում է իր ընթացքի մեջ այնպես, ինչպես մինչեւ հիմա եղել է»:
Հարցին՝ ակնհայտ չի՞, որ Նազարբաեւն այնտեղ Ադրբեջանի շահերն է ներկայացնում՝ մի պետության, որը Եվրասիական միության հետ առայժմ գոնե կապ չունի՝ պարոն Մանասյանը պատասխանեց. «Ոչ: Առայժմ ղարաբաղյան հարցի շուրջ այդ խաղը ծավալվում է երեքի փոխհամաձայնեցման հարթության վրա: Ճիշտ է, այդտեղ կա խանդ, կան նախաձեռնության խլման փորձեր, բայց բաց տեքստով նրանք իրար դեմ դուրս չեն գալիս: Չի բացառվում, որ մի օր նրանք իրար դեմ հակադրվեն բաց տեքստով, բայց այդ օրը այսօր չէ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Կա ղարաբաղյան հիմնախնդիր, որը քննարկվում է Մինսկի խմբի հովանու տակ, որտեղ ե՛ւ ՌԴ-ն է, ե՛ւ ԱՄՆ-ն է, ե՛ւ Եվրոպան է ներկայացված՝ ի դեմս Ֆրանսիայի: Այդ հզորների միջնորդներից ոչ մեկը մյուսին հակառակ քայլ չի արել արդեն մոտ 20 տարի է:

    Ու էս քննարկումը եւս 200 տարի կգնա: Կլուծվի, բա չէ….Այ սենց եք մտածում, որ չի լուծվում ձեր սիրելի հիմնախնդիրը…ինչ էլ բառ եք հորինել՝ հիմնախնդիր…..ինքներդ ձեզնից էնքան էք վախեցած, որ անգամ եթե Ադրբեջանն ասի, Ղարաբաղը ձերն ա, կասեք չէ..հլը լավ մտածենք, երեւի էդքան էլ չէ, բա հիմնախնդիր բառը վերանա՞…………..ու սենց մեզ խելոքի տեղ դրած ճամարտակում ենք…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031