Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրքարվեստ» միջազգային XI մրցանակաբաշխությունում Հայաստանի ձեռքբերումները

Մայիս 30,2014 16:00

Ս. թ. մայիսի 21–22-ը Մինսկում կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային XI մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է 9 պետություն՝ 77 հրատարակություններով:

«Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթը կազմակերպվում է 2004 թվականից ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության խորհրդի կողմից` Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ:
«Գրքարվեստ» միջազգային XI մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացրել է ինը գիրք. հետևյալ անվանակարգերում հինգ գիրք արժանացել է առաջին մրցանակի, մեկ գիրք՝ Երկրորդ մրցանակի, մեկ գիրք՝ Նոմինանտի դիպլոմի և մեկ գիրք էլ՝ Ժյուրիի հատուկ մրցանակի:
Առաջին մրցանակ

• «Գիրք երեխաների և պատանիների համար»
Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ», նկարիչ` Ա. Կարագյան (Արևիկ հրատարակչություն, Երևան, 2013 թ.):

Հովհաննես Թումանյանի հեքիաթների ռուսերեն թարգմանությունն է՝ նոր նկարազարդումներով: Ազգայինի ու համամարդկայինի խաչաձևումները նորովի երանգ են ստացել թարգմանության շնորհիվ:

• «Մշակույթների երկխոսություն»
Ռուբեն Գևորգյանց, «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» (Փրինթինֆո, Երևան, 2013 թ.):

Ս. Փարաջանովի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված Ռ. Գևորգյանցի ուսումնասիրությունն է, որում արտացոլված է ոչ միայն Փարաջանովի կյանքը, այլև նրա մտածողության նորարարական շերտերը:

• «Գիտություն և կրթություն»
Ռաֆայել Իշխանյան, «Պատկերազարդ պատմություն հայոց», (Անտարես մեդիա հոլդինգ, Երևան, 2013 թ.):

Երեք մասից կազմված այս գրքում մատչելի զրույցների շարքով ներկայացվում է հայ ժողովրդի պատմությունը սկզբնավորումից մինչև Բագրատունյաց թագավորության անկումը:
• «Արվեստի գիրք»
Ֆոլքմար Գանցհորն, «Քրիստոնեա-Արևելյան գորգը», (Հայաստանի պատմության թանգարան, «Ասողիկ» ՍՊԸ, Երևան, 2013 թ.):

Գանցհորնի ուսումնասիրությունն է նվիրված քրիստոնեա-արևելյան գորգին: Հեղինակը հիմնականում անդրադարձել է հայկական գորգարվեստին, համեմատել այն ուրիշ ազգերի գորգագործության հետ:
• «Տպագրված է Համագործակցությունում»
Շմավոն Շմավոնյան, «Արարատ», («Էդիտ Պրինտ» հրատարակչություն, Երևան, 2013 թ.):

Գեղանկարիչ Շ. Շմավոնյանը բազմաթիվ ցուցադրութուններ է ունեցել աշխարհի շատ երկրներում` Ստամբուլում (1989 թ.), Ֆրանսիայում (1995 թ.), Լիբանանում, Անգլիայում (1996 թ.), Քուվեյթում (1997 թ.), ԱՄՆ-ում (1999 թ.), ԱՄՆ-ի խոշորագույն հիվանդանոցներում` «Միտք, մարմին և ոգի» ծրագրի շրջանակներում:
Երկրորդ մրցանակ

• «Համագործակցություն»
Ալբերտ Միքայելյան, «Հայոց երևելիներ», կազմող` Ա. Միքայելյան («ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, Երևան, 2013 թ.):

«Հայոց երևելիներ» հանրագիտակը այն հայ նշանավոր մարդկանց մասին է, ովքեր անջնջելի հետք են թողել պատմության մեջ, նշանակալի ներդրում ունեն գիտության, կրթության, կրոնի, մշակույթի, քաղաքականության, ռազմարվեստի և մարզական բնագավառներում: Գրքում տեղ են գտել ազգային և համաշխարհային համբավ ունեցող գործիչներ:

 

«Գրան-պրի» անվանակարգոոմ Նոմինանտի դիպլոմ

«Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ», կազմող` Յ. Պետրոսյան, («Էդիտ Պրինտ» հրա¬տարակ¬չու¬թյուն, Երևան, 2013 թ):

«Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ…» հանրագիտակը ևս մեկ փորձ է մոտիկից ճանաչելու, մտերմանալու, շոշափելիորեն զգալու Սևակի առօրեական և աստվածային կերպարը:

 

«Իմ երկիրը» անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակ

Արտակ Մովսիսյան, «10 հայ ականավոր թագուհիներ», («Զանգակ հրատարակչություն, Երևան, 2014 թ.):

Գրքում հեղինակն ամեն արքայատոհմից մեկ թագուհու է ներկայացնում, սակայն նախաբանում ներկայացնում է արքայատոհմի բոլոր թագուհիներին, նրանց վաստակը, ապա մանրամասնում այն թագուհու կյանքն ու գործունեությունը, ում անունը կրում է ակնարկը:

Ս. թ. մայիսի 30-ին, ժամը 12։00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային XI մրցանակաբաշխությանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, «Արևիկ» ՓԲԸ- ի փոխտնօրեն Սմբատ Գյուրջյանը, «Փրինթինֆո» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մկրտիչ Կոշեցյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, «Էդիտ պրինտ» ՍՊԸ-ի հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը, «ՎՄՎ Պրինտ» ՍՊԸ-ի տնօրեն Վահրամ Մնացականյանը, «Զանգակ-97» հրատարակչությունում տպագրված՝ «10 հայ ականավոր թագուհիներ» գրքի հեղինակ՝ Արտակ Մովսիսյանը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031