Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի մասին. «Նման մակարդակի մարդ սուտ չի խոսի» (Տեսանյութ) 

Մայիս 30,2014 15:37

«Ինձ նման պատվեր չի եղել»,- Aravot.am-ի հարցին` արդյոք հանրության շրջանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին հարցում իրականացրե՞լ են, մայիսի 30-ին մեզ հետ զրույցում տեղեկացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նկատեց, թե «սահմանադրական բարեփոխումների գործընթացը չի անցել մտադրությունների գործնական փուլ» ու միևնույն ժամանակ նշեց. «Եթե ուժերը ցանկանում են բարեփոխում անել և առաջարկել արմատական փոփոխություններ, ապա իմաստ ունի նախ հանրության կարծիքն ի հայտ բերել կամ հետազոտությունների, կամ քննարկումների միջոցով»:

Ըստ պարոն Ադիբեկյանի` բնակչության մեծ մասը Սահմանադրության դրույթներին մեծ նշանակություն չի տալիս: Գործնական կիրառությունն իրենց կաշվին ավելի մոտ է, քան թղթի վրա գրված ինչ-որ կետեր:

Մեր դիտարկմանը, թե արդյոք ճիշտ չէ՞ր լինի հանրության շրջանում նախ հարցում կատարեին պարզելու` սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, հետո դրանք իրականացնեին, պարոն Ադիբեկյանն այսպես արձագանքեց. «Ես միշտ ասել եմ բոլոր վարչապետներին և նախագահներին. եթե դուք որոշում եք ընդունում մարդկանց զանգվածային կարիքների վերաբերյալ, նախօրոք պետք է պարզել` հանրությունը ոնց է վերաբերվում դրան: Եթե կուտակայինի վերաբերյալ իմանային, թե հանրությունը ոնց է վերաբերվելու, ինչ կողմ, ինչ դեմ կա, կարելի էր ավելի փափուկ իրականացնել, կամ չդիմել առայժմ, կամ նախապատրաստական, քարոզչական աշխատանքներ տանել: Դժբախտաբար մեզ մոտ կառավարման ավտորիտար ռեժիմ է շարունակում մնալ, կառավարությունը կարծում է, որ եկել է, նրա կարծիքը միանշանակ պիտի ընդունել: Երբեմն բախտը բերում է, օրինակ` Մաքսայինի հարցում, ժողովրդի կարծիքի հետ համընկնում է, երբեմն` ոչ»:

Հարցին` համամի՞տ է այն դիտարկումներին, թե Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներն իրականացնում է հետագայում վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու համար, պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Նա ասաց, որ չի ուզում լինել ոչ նախագահ, ոչ վարչապետ: Նման մակարդակի մարդ սուտ չի խոսի, կամ դատարկ հայտարարություն չի անի, նա իրոք չի ուզում դառնալ: Նա ուզում է ստեղծել մի այնպիսի համակարգ, որ հաջորդը գա, ունենա հեղինակություն, վստահելի լինի, կարողանա արտահայտել ազգային շահերը և իրականացնել: Դրա համար ասում է, եթե գտնում եք, թե Սահմանադրությունը անկատար է, եկեք փոխենք, բայց հավատացած եղեք` չեմ մնա, կմնամ քաղաքականության մեջ, բայց ոչ գործադիրում»:

Մեր հարցին` հավատո՞ւմ է Սերժ Սարգսյանի խոսքերին, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Առ այսօր նա երբեք իր խոստումներից հետ չի կանգնել, ուզում եմ վստահ լինել, որ այս դեպքում էլ կկրկնվի նույնը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Աղոթիր, սերժանոս, աղոթիր…Նմաաան մակարդակի համար աղոթելվէ պետք:

  2. MIka says:

    Սերժը Ադիբեկին իր բոլոր տված խոստումները կատարել է, էս մարդը իր անձնական գռդոնի մասին է ասում, թե չէ իրականում Սերժի ոչ մի ասած նախընտրական խոստում երբեք չի կատարվել, բոլոր թվերը և խոստացած բարեփոխումները, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը նույնիսկ այն թուղթը չարժեն որևի վրա գրված են եղել

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031