Այսօր կայացավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) գործադիր կոմիտեի նիստ, որը վարեց Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:
Օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում առնչվում էին 2015 թվականին կայանալիք ամառային 6-րդ Համահայկական խաղերի կազմակերպմանը: Իշխան Զաքարյանը գործկոմի անդամներին տեղեկացրեց, որ Համահայկական ամառային խաղերն ընդգրկված են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համապետական միջոցառումների ծրագրում, ուստի պետք է արվի ամեն բան` դրանք պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Գործկոմը քննարկեց Խաղերի անցկացման տեղի, ժամանակացույցի, գլխավոր մրցավարի եւ բացման ու փակման արարողությունների գլխավոր ռեժիսորի ընտրության հետ կապված հարցերը:
2015 թվականին Ամառային համահայկական խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը:
Տասը հիմնական մարզաձեւերին ավելացվեց եւս յոթը`լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, հանդբոլ, գոլֆ, բազկամարտ, հեծանվային սպորտ եւ հրաձգություն:
Որոշ մարզաձեւերի փուլային մրցումները կանցկացվեն Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում եւ Արտաշատում:
Կարդացեք նաև
Քվեարկությամբ 6-րդ համահայկական խաղերի գլխավոր մրցավար ընտրվեց միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը, գլխավոր ռեժիսոր` Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Գործկոմի նիստի ավարտին Իշխան Զաքարյանը լրատվամիջոցներին ասաց. «Հաշվի առնելով, որ Համահայկական խաղերին մասնակցում են այն երիտասարդները, ովքեր Եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցների ժառանգներն ու շառավիղներն են, ինչ-որ տեղ նաեւ զավակները, որովհետեւ պատվիրակությունների կազմերում գալիս են նաեւ պատկառելի տարիքի մարդիկ, այսօր շատ կարեւոր որոշումներ ընդունեցինք: Հատկապես, Խաղերի բացումը պետք է լինի անհամեմատ ավելի լավը` համահունչ 1915 թվականի խորհրդին ու ոգուն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ