Հանձնաժողովին է դիմել «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ը՝ տեղեկացնելով համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում գրանցում իրականացնող տնտեսվարողների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնությունների մասին: Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են «.am» տիրույթում նոր կայք գրանցել, այդ ծառայության համար չհիմնավորված բարձր գին են վճարում:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ ՀՀ-ում «.am» տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման և սպասարկման ծառայությունները իրականացնում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն, որն այս ոլորտում ունի մենաշնորհային դիրք:
Վերոնշյալ ընկերությունը կայքերի գրանցման ծառայությունները սպառողներին մատուցել է մի շարք միջնորդների միջոցով: Տպավորություն է ստեղծվել, որ դաշտում առկա է ազատ մրցակցություն, քանի որ գործում են տասնյակ ընկերություններ: Սակայն, ուսումնասիրությունները պարզեցին, որ միջնորդներից մեկը՝ «ԷյԲիՍիԴոմենը» տնօրինում է շուկայի ավելի քան 70%-ը: Պարզվեց նաև, որ այս ընկերությունը փոխկապակցված է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի հետ: Փաստացի, կենտրոնը ստեղծել է այս ընկերությունը՝ երկրոդային, կամ այլ կերպ ասած՝ միջնորդների շուկան վերահսկելու նպատակով:
Շուկայի մնացած 30%-ը տնօրինվել է մի շարք այլ միջնորդ ընկերությունների կողմից, որոնք սակայն հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:
Այսպես. բոլոր միջնորդները ինտերնետային տիրույթում կայք գրանցելու համար սպառողներից գանձել են 12 հազար դրամ, որը ամբողջությամբ վճարել են «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»: Վերջինը իրականացրել է կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին «վճարել» կամ այլ կերպ ասած՝ հետ է վերադարձրել 6 հազար դրամը՝ այսպիսով վերահսկելով վերջինների գործունեությունը: Ստացվում է, որ միջնորդները պարտադրված են եղել սպառողներից գանձել հենց 12 հազար դրամ, որից իրենց բաժին է հասել միայն 6 հազարը. մինչդեռ եթե կենտրոնի կողմից նման քաղաքականություն չիրականացվեր, հնարավոր էր սպառողներին ավելի մատչելի գին առաջարկել:
Այսպիսով, Հանձնաժողովի դիտարկմամբ, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը» չարաշահել է իր մենաշնորհային դիրքը՝ սահմանափակելով ազատ մրցակցությունը: Փաստացի, կայքերի գրանցման ծառայությունները 6 հազար դրամով վաճառել է միջնորդներին, բայց, իր հերթին նաև հիմնադրել է «ԷյԲիՍիԴոմեն» ընկերությունը, որի միջոցով տնօրինել է շուկայի ավելի քան 70 տոկոսը և այս կերպ հավելյալ եկամուտներ ստացել: Իրավախախտ ընկերությունը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության՝ 10 մլն դրամի չափով:
Տեղեկացնենք նաև, որ այսօր «.am» տիրույթում գործում է շուրջ 23 հազար կայք, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 12 հազար դրամ է վճարում «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»:
Կարդացեք նաև
ՏՄՊՊՀ