Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Նահապետյանը պաղպաղակն ու երշիկի գործարանը գերադասեց իր հոր բռնադատված լինելու փաստից (Տեսանյութ)

Մայիս 30,2014 15:10

Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին որոշումը չեղյալ համարելու մեկ այլ որոշման առաջարկ է ներկայացնում «Բարեւ Երեւանը»

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը ստալինյան ռեպրեսիաներից տուժածի ժառանգ է, նրա հայրը այդ ժամանակաշրջանի բռնադատվածներից է: Aravot.am-ը տիկին Նահապետյանից հետաքրքրվեց, մի՞թե գոնե հոր այդ կարգավիճակը հիմք չէր, որպեսզի նա Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը դեմ լիներ:

Տիկին Նահապետյանը մեզ հետ զրույցում արձանի տեղադրմանը իր կողմ լինելը պատճառաբանեց Միկոյանի` Հայաստանի տնտեսության զարգացման համար նրա մեծ ավանդով. «Կողմ եմ, որովհետեւ ես կարծում եմ, որ Միկոյանը յուրահատուկ քաղաքական գործիչ է եղել, նա համաշխարհային մասշտաբի գործիչ է եւ այն տնտեսական զարգացումները, որ եղել են Հայաստանում 1920-30-ական թվականներին՝ Միկոյանի շնորհիվ է»,-այսպիսի կարծիք հայտնեց տիկին Նահապետյանը՝ մեզ ցույց տալով բռնադատվածի ժառանգի իր վկայականը:

Տիկին Նահապետյանը ավելացրեց, որ ինքը իր ընտանիքի օրինակով էլ զգացել է այդ ժամանակաշրջանի ռեպրեսիաների ազդեցությունը, սակայն տիկինը, այնուամենայնիվ, ավելի բարձր գնահատեց Միկոյանի այն գործունեությունը, որն արել է հանուն Հայաստանի տնտեսության զարգացման:
Մանրամասն` տեսանյութում

«Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ մեր զրույցում ասաց, որ այսօր ավագանու նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ հայտարարությամբ ներկայացնելու են Միկոյանի կերպարի մասին հասարակական կարծիքները. «Բացասական էմոցիաներ առաջացնող փաստեր կան: Կոչ ենք անում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամներին միասին նոր նախագիծ ներկայացնենք ավագանուն, որով չեղյալ կհայտարարենք նախորդ որոշումը, եւ լռենք, ու այլեւս չխոսենք»:
Մեր այն դիտարկմանն էլ, որ տիկին Նահապետյանը մի կողմ դնելով Միկոյանի բարոյական կերպարը, նրա գործունեությունը բարձր գնահատեց տնտեսության բնագավառում, Անահիտ Բախշյանն ասաց. «Ի՞նչ բարոյական , այնտեղ մարդասպանություն է եղել: Ահավոր զարմանում եմ, ահավոր, ցավում եմ, որ կարող է տնտեսությունը, պաղպաղակն ու երշիկի գործարանը կշեռքի նժարին դնել` հենց իր հոր բռնադատված լինելը: Գլուխս չի մտնում»:

Տիկին Բախշյանը հիշեցրեց, որ «Բարեւ Երեւանը» ավագանուն էր ներկայացրել առաջին հայ օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի արձանը տեղադրելու մասին առաջարկ. այն ընդունվել է, տեղը որոշվել է, արձանը պատրաստ է, եւ ինչպես տիկին Բախշյանն ասաց.«Բայց այդպես էլ ոչ մի տեղ չի տեղադրվում»:

Մանրամասն`  տեսանյութում

 

Այսօր ավագանու նիստից առաջ մի ուշագրավ դրվագ եղավ. տիկին Բախշյանը Անաստաս Միկոյանի կենսագրության «սեւ» էջերը ներկայացնող «Հայ բոլշեւիկների հակապետական գործունեությունը 1919-20 թվականներին» պատմական փաստաթղթերի ժողովածու էր բերել, որը բաժանում էր ավագանու մի քանի անդամների, իսկ որոշ թաղապետեր, կարծել էին, թե դա տիկին Բախշյանի հեղինակած գիրքն է, եւ խնդրել էին Բախշյանին մակագրություն թողնել գրքի վրա` որպես հեղինակ:

Naira_Nahapetyan-2
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031