Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտնեց, որ չնայած օդերեւութաբանները կանխատեսել էին, որ տարին լինելու է սակավաջուր, այնուամենայնիվ, հորդառատ անձրեւների շնորհիվ գյուղատնտեսության համար տարին հաջողված էր:
Պրն Բերբերյանը, անդրադառնալով կարտոֆիլի բերքին, տեղեկացրեց, որ կարտոֆիլի արտահանումը շարունակվում է. «Միայն այս ամիս Վրաստան ենք արտահանել 3000 տոննա կարտոֆիլ: Նաեւ 700 տոննա էլիտար սերմացու ենք մեր ֆերմերներին տրամադրել»:
Պրն Բերբերյանը նշեց, որ աշնանն արդեն նոր բերքից սպասվում են խոշոր արտահանումներ: Հրաչ Բերբերյանն այս տարվա ծիրանի բերքի մասին խոսելիս, ասաց, որ ծիրանի միջին գինը կլինի 500-1000 դրամ. «Ծիրանի արտահանման մասին անգամ խոսք գնալ չի կարող»:
Հրաչ Բերբերյանը մեկնաբանեց նաեւ ալյուրի թանկացման պատճառները. «Վարչապետը, երբ գործարարներին հավաքեց, ասաց, որ նրանք պետք է գործեն հարկային դաշտում։ Ալյուրի գնի բարձրացումը կապված է, ցավոք սրտի, այդ խոշոր գործարարների հետ: Ալյուրի գնի բարձրացումը անհիմն է: Ութ տոկոսով գները բարձրացել են, այն դեպքում, երբ ունենք ռեկորդային բերք եւ ներկրված ցորենի մեծ քանակ: Ժողովրդի հաշվին կփորձեն լցնել բյուջեն»:
Կարդացեք նաև
Պրն Բերբերյանը մտահոգություն հայտնեց, որ բանկային համակարգն այսօր գյուղացուն հասցրել է սնանկացման: «Մեր ունեցած հաշվարկներով՝ անկախության տարիներին մոտ 50 մլն դոլարի չափ գյուղատնտեսության համակարգը գումար է ստացել տարբեր նպատակներով: Դրանք եղել են համաշխարհային բանկի գումարները, որոնք որպես վարկային ռեսուրս տրվել են բանկերին ցածր տոկոսով: Այսօր Հայաստանի գյուղացիները պարտք են բանկերին միայն այն պատճառով , որ բանկերը շատ բարձր տոկոսադրույքներով են գյուղացիներին վարկ տրամադրում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ